Ադրբեջանում կարծում են, որ «Կովկաս 2012» զորավարժությունների միջոցով ՌԴ-ն նախազգուշացնում է անգամ չմտածել պատերազմի մասին

Ադրբեջանում կարծում են, որ «Կովկաս 2012» զորավարժությունների միջոցով ՌԴ-ն նախազգուշացնում է անգամ չմտածել պատերազմի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի փորձագետները մեկնաբանել են Ռուսաստանում անցկացվող լայնամասշտաբ «Կովկաս 2012» զորավարժությունները:

Զորավարժություններն անցկացվում են Հարավային զինվորական շրջանի 4 հրաձգարաններում, ինչպես նաև Սև և Կասպից ծովերի ջրային տարածքներում: Զորավարժություններում ներգրավված են ավելի քան 8 հազար զինծառայողներ, ավելի քան 200 ռազմամեքենաներ, ռազմանավեր, կատերներ: Գործընթացը ղեկավարում է ԶՈւ Գլխավոր շտաբի հրամանատար, գեներալ Նիկոլայ Մարկովը: Զորավարժությունների ընթացքին անձամբ հետևում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այսպես, ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն ընդգծում է, որ մինչ այս Ռուսաստանը նման մասշտաբներով զորավարժություններ չի անցկացրել: «Այն փաստը, որ զորավարժություններին հետևում է անձամբ Պուտինը, խոսում է «Կովկաս 2012-ի» նշանակալիության մասին: Դրանք Ռուսաստանի համար կարևոր բնույթ են կրում: Ռուսաստանը մշակում է հավանական սպառնալիքների անդրադարձումը: ՌԴ-ն ցանկանում է հայտարարել, որ Հյուսիսային Կովկասի իրադարձությունները Կրեմլի համար անլուծելի խնդիր չէ»,-կարծում է փորձագետը:

Ըստ նրա, զորավարժությունների կապակցությամբ Արևմուտքի անհանգստությունները միանգամայն հասկանալի են: «Արևմուտքում կարծում են, որ Ռուսաստանը ցանկանում է վախեցնել Վրաստանին: Սակայն չեմ կարծում, որ Կրեմլում նախապատրաստել են պլան, որի նպատակը հարևանների հետ խնդիրներ ստեղծելն է: Ցանկացած զորավարժություններ, այսպես թե այնպես հարևանների անհանգստությունն են առաջացնում: Վրաստանի և Ադրբեջանի համար էական սպառնալիքներ չեմ տեսնում»,-եզրափակել է նա:

Սակայն միջազգային քաղաքականության հարցերով փորձագետ Ֆարհադ Մեհդիևը համոզված է, որ Ադրբեջանը պետք է եզրակացություններ անի այս զորավարժություններից: «Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում փակուղային իրավիճակ են ստեղծել: Դա ստիպում է ավելի շատ մտածել այս հակամարտության ռազմական լուծման մասին: Հայաստանում ՀԱՊԿ միացյալ զորավարժություններն ու «Կովկաս 2012-ը» շատ բանի մասին են խոսում: Ռուսաստանը հաղորդագրություն է հղել Վրաստանին և նախազգուշացրել Ադրբեջանին անգամ չմտածել պատերազմի մասին»,-կարծում է փորձագետը:

Քաղաքագետ Ֆիկրետ Սադիհով. «Կարծում եմ, «Կովկաս 2012-ը» Վրաստանին ուղղված հաղորդագրություն է: Կրեմլը նախազգուշացնում է, որ իր տարածքները վերադարձնելու Վրաստանի ցանկությունը կարող է բախվել Ռուսաստանի ռազմական հզորությանը: Պաշտոնական Թբիլիսին պետք է հիշի, թե ով է այս երկու չճանաչված գոյացությունների հովանավորը: Որոշակի առումներով «Կովկաս 2012-ը» սեփական ուժերը ցուցադրոլու և իր ռազմավարական գաղափարները և մտադրություններն իրականացնելու փորձ է: Ռուսաստանը մտադիր չէ ձեռքից բաց թողնել տարածաշրջանում ճնշման լծակները»:

Վաֆա Գուլուզադեն համոզված է, որ Ռուսաստանը նախապատրաստվում է նոր Կովկասյան պատերազմի: «Ռուսաստանի ԶԼՄ-ները խնամքով թաքցնում են այն, ինչ կատարվում է Դաղստանում: Այտեղ ռուսական ներկայության դեմ բացահայտ պատերազմ է ընթանում: Պետք չէ մոռանալ նաև Ինգուշեթիայի և Չեչնիայի մասին: Ընդհանուր առմամբ այժմ Հյուսիսային Կովկասում շատ լարված իրավիճակ է: Ռուսաստանն արդեն չունի այն հզորությունը` ոչ տնտեսական, ոչ ռազմական, ոչ էլ քաղաքական: Մի կարծեք, որ Չեչնիայի հետ բոլոր հարցերը լուծված են, ոչ ոք համոզված չի կարող լինել, որ վաղը նրանք 180 աստիճանով չեն շրջվի»,-ընդգծել է քաղաքագետը:

Նրա խոսքով, Ռուսաստանն այդպես էլ չկարողացավ 450 տարվա ընթացքում ամբողջովին հեռանալ Կովկասից: «Ոչ մի վտանգ ոչ Վրաստանի, ոչ էլ Ադրբեջանի համար չկա: Մենք լավ սպառազինություն ունենք: Ռուսաստանը չի համարձակվի պայքարել Ադրբեջանի հետ: Այժմ 90-ականները չեն, մեզ կսատարեն ՆԱՏՕ-ն և հզոր Թուրքիան: Պուտինը շատ լավ գիտի այդ մասին»,-ընդգծել է քաղաքագետը, հաղորդում է Vesti.az-ը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ ՌԴ-ն քիչ ջանք չի գործադրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմը վերականգնելու համար
Բոստոնի համալսարանում սովորելու հնարավորությունը խոստումնալից երիտասարդը ստորադասեց Հայրենիքի պաշտպանությանը
Նա նշել է, որ ակնկալում էր զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ