19 սեպտեմբերի 2012 - 15:48 AMT
ՀՀՇ ԵՄ. Բոլոր ընդդիմադիր ուժերը սատարում են ՀԱԿ դատապարտված ակտիվիստներին

ՀՀՇ ԵՄ գործադիր խորհուրդն այսօր ամփոփեց ՀԱԿ 4 ակտիվիստների դատավճռի գործով խորհրդարանական կուսակցությունների նամակ արձագանքները:

Հիշեցնենք, որ ՀԱԿ 4 ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի դատավճռի հրապարակումից հետո ՀՀՇ երիտասարդական միությունը հանդես էր եկել հրապարակային կոչով, ինչպես նաև դիմումներ էր ուղարկել խորհրդարանական կուասկցությունների երիտթևերին, որպեսզի նրանք իրենց դիրքորոշումը հայտնեն դատավճռի վերաբերյալ:

ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամ Արշակ Մուսախանյանն, ամփոփելով ուղարկված պատասխաններն, ասաց, որ բոլոր կուսակցությունները պատասխանել են իրենց նամակին, բացի ՀՀԿ-ից. «ՀՀԿ-ն նամակին չի պատասխանել, ինչը մենք համարում ենք քաղաքական էթիկայի կանոնների խախտում»:

ՕԵԿ-ն իր պատասխան նամակում գրել է, որ ծանրակշիռ փաստարկներ չունենալու համար չի միանում պայքարին: Ըստ Արշակ Մուսախանյանի, սա մի քիչ տարօրինակ է.« Մենք չենք հասկանում նրանք իրավապաշտպան գրասենյակ են, թե քաղաքական ուժ, սա քաղաքական խնդիր է և պետք է մեկնաբանվի այդ տեսանկյունից»:

Անդրադառնալով «Ժառանագության» դիրքորոշմանը` Մուսախանյանը նշեց, որ «Ժառանգությունը» մինչև իրենց դիմումը ստանալն է արձագանքել ՀԱԿ դատապարտված ակտիվիստների գործին: Այս խմբակցությունը մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել երիտասարդների հետապնդումը:

ԲՀԿ-ի պատասխանը շատ լակոնիկ է եղել. «ՀՀ-ում որևէ քաղաքացի չպետք է հետապնդվի»: ՀՅԴ ԵՄ-ն իր պատասխան նամակում նշել է, որ երիտասարդների նկատմամբ քաղաքական հետապնդումներն անընդունելի են և կայացված դատավճիռը շատ ավելի խիստ է, քան պետք է լիներ:

Կուսակցությունների պատասխաններից ՀՀՇ ԵՄ անդամները եզրակացրել են, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀԱԿ երիտասարդների կողքին են, դատապարտում են քաղաքական հետապնդումները և կարծում են, որ երիտասարդներին պետք է դատել առանց քաղաքական ենթատեքստի:

«ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ մենք այլևս որևէ համագործակցություն չենք տեսնում, այն քաղաքական ուժերի հետ, որոնք իրենց ընդունած սկզբունքներին տեր չեն կարող կանգնել»,-ասաց Արշակ Մուսախանյանը:

Բանախոսները նշեցին, որ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու և մյուս երեք ակտիվիստներին արդարացնելու համար քայլերը շարունակվելու են, թե դատախազության մոտ ուրբաթօրյա պիկետների, թե այլ քայլերի տեսքով: Ըստ բանախոսների՝ իրենք փորձելու են նաև մոբիլիզացնել քաղաքական ընդդիմադիր ուժերի երիտթևերին այս խնդիր շուրջ :

Հիշեցնենք, որ դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ՀԱԿ երիտասարդների նկատմամբ կայացված դատավճռով նրանց դատապարտել էր 6-ից 2 տարվա ազատազրկման: Դատարանի դատավճռով Տիգրան Առաքելյանը մեղավոր էր ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության, իսկ Արտակ Կարապետյանը՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու և խուլիգանության մեջ, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ խուլիգանության մեջ: Նշենք նաև, որ այս տարվա փետրվարի 24-26-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպված խորհրդաժողովին մասնակից Հայաստանի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կազմակերպությունները ստորագրել են մի փաստաթուղթ, որում արձանագրվում են Հայաստանում առկա մի շարք խնդիրներ, և այդ խնդիրների դեմ պայքարելու կազմակերպությունների միասնական կամքը:

Հենց այս փաստաաթուղթն էին վկայակոչել ՀՀՇ եիրտասարդական միության անդամները, երբ դիմել էին քաղաքական կուսակցությունների երիտթևերին արձագանքելու ՀԱԿ ակտիվիստների դատավճռին: