19 սեպտեմբերի 2012 - 16:15 AMT
Վերջին 20 տարում Մայր Աթոռի 40 եկեղեցականներ կրթություն են ստացել արտերկրի համալսարաններում

Այսօր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Սբ. Թովմաս Աքվինացի» համալսարանի (Մինեսոթա, ԱՄՆ) նախագահ հայր Դենիս Դիսին և հոգաբարձուների խորհրդի անդամներին:

Ինչպես հայտնում է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի լրատվական ծառայությունը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և համալսարանի միջև ձևավորված սերտ համագործակցության առիթով, որի արդյունքում Մայր Աթոռի երկու միաբաններ առիթ են ունեցել իրենց ուսումնառությունը շարունակելու «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանում:

Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ վերջին տասնամյակում տարբեր Եկեղեցիների աջակցությամբ Մայր Աթոռից շուրջ քառասուն եկեղեցականներ կրթություն են ստացել արտերկրի համալսարաններում և բարձրագույն կրթական հոգևոր հաստատություններում` մասնագիտանալով կրոնական-աստվածաբանական տարբեր առարկաների մեջ:

Իր խոսքում «Սբ Թովմաս Աքվինացի» համալսարանի նախագահն ուրախություն հայտնեց համալսարանում հայ եկեղեցականների ուսումնառության առիթով` վստահեցնելով, որ համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ ապագային ավելի կզորանա: