Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսը տոնեց իր 20-ամյակը

Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսը տոնեց իր 20-ամյակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի տանը տոնեցին ԱՄՆ Խաղաղության կորպուսի 20-րդ տարեդարձը: Միջոցառմանը ներկա էին Խաղաղության կորպուսի կամավորներն ու աշխատակազմը, նախարարների և նախարարությունների ներկայացուցիչներ, քաղաքապետներ, ինչպես նաև տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառումն արժևորում է Խաղաղության կորպուսի և Հայաստանի կառավարության 20 տարիների շարունակական համագործակցությունն ու աշխատանքը, որի վառ ապացույցն է այսօր Հայաստանում ծառայող Խաղաղության կորպուսի կամավորների նվիրվածությունն իրենց կատարած աշխատանքին:

Ինչպես նշեց դեսպան Հեֆերնը, Խաղաղության կորպուսն իր աշխատանքը ծավալում է բոլոր այն ուղղություններով, որոնցով գործում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ համագործակցություն,օժանդակություն կրթական գործընթացներին, դրական փոփոխությունների ապահովումը և այլն: Այդ իսկ պատճառով, Հեֆերնի խոսքով, ԱՄՆ դեսպանությունը շահագրգռված է շարունակելու իր աջակցությունը Խաղաղության կորպուսի գործունեությանը Հայաստանում:

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: Իր խոսքում նա, մասնավորապես, նշեց.«Արդեն հիսուն տարուց ավելի է, ինչ աշխարհի տարբեր երկրներում իր խաղաղասեր գործունեությունն է իրականացնում ԱՄՆ Խաղաղության կորպուսը, և արդեն 20 տարի է, ինչ այդ երկրների թվում է նաև Հայաստանը: Այդ տարիների ընթացքում 100-ավոր կամավորներ են հյուրընկալվել մեր երկրում՝ նպաստելով մշակութային փոխանակությանն ու հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդմանը: ՀՀ կառավարությունն ակտիվորեն համագործակցում է Խաղաղության կորպուսի հետ: Վստահ եմ, որ այդ համագործակցությունը տարեցտարի էլ ավելի պիտի ամրապնդվի, մանավանդ, որ 2010թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության և ԱՄՆ Խաղաղության կորպուսի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի ոգուն և տառին համապատասխան մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը»:

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Դևիդ Լիլին իր հերթին շնորհավորեց կամավորներին հոբելյանի կապակցությամբ և հույս հայտնեց, որ Խաղաղության կորպուսը դեռ երկար տարիներ կգործի Հայաստանում:

1992թ. սեպտեմբերի 24-ին կնքված պայմանագիրը նպաստեց Հայաստանի համայնքների զարգացմանը, որտեղ հազարավոր հայեր 20 տարի շարունակ աշխատել են ավելի քան 780 ամերիկյան Խաղաղության կորպուսի կամավորների հետ: 1961թ. Ջոն Քենեդու կողմից հիմնադրվելուց ի վեր ավելի քան 200 հազ. ամերիկացի ծառայություն է մատուցել աշխարհի 139 երկրներում:

Ներկայումս Հայաստանում երկու ծրագրի շրջանակներում աշխատում է ԱՄՆ Խաղաղության կորպուսի 87 կամավոր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---