11 մարտի 2005 - 08:59 AMT
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ «ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ» ՆԵՐԳՐԱՎՎԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՄԱԿԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Նիքսոնի կենտրոնի միջազգային անվտանգության եւ էներգետիկայի ծրագրերի տնօրեն տիկին Զեյնո Բարանը գտնում է, որ «ԱՄՆ պետք է ամենաբարձր մակարդակով ներգրավվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, որպեսզի փոփոխի քաղաքական եւ տնտեսական պայմանները»: Նրա խոսքերով, 2002 թվականին նախագահներ Ջորջ Բուշը եւ Վլադիմիր Պուտինը հանդես եկան Աբխազիայում եւ Ղարաբաղում սառեցված հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին համատեղ հայտարարությամբ, «սակայն հետագա քայլեր չարվեցին»:
«Ղարաբաղյան գործընթացը թողեցին ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը չի կարող լուծում ապահովել, քանի որ հարցը ամենաբարձր մակարդակով քննարկումներ է պահանջում: Չնայած Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության շարունակության դրական հանգամանքին, որոշումը գտնելու անկարողությունը մարդկանց մոտ մեծ հիասթափության պատճառ է դառնում եւ վնասում է ԵԱՀԿ-ի հեղինակությանը». - ասել է Զեյնո Բարանը:«Բացի Բուշի եւ Պուտինի մակարդակում քննարկումների շարունակությունից, ղարաբաղյան խնդրի լուծման համար Հայաստանում եւ Ադրբեջանում անհրաժեշտ է ժողովրդավարական առաջընթաց, որպեսզի կառավարություններն իրենց ժողովրդների աչքերում լեգիտիմության վայելեն, որն անհրաժեշտ է վերջնական լուծմանն օժանդակելու համար: ԱՄՆ պետք է կոչ անեն երկու երկրների ղեկավարներին ժողովրդավարացման գործընթացն ընկալել որպես տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը հասնելու համար անհրաժեշտ պայման», - նշել է Բարանը: Հայաստանը եւ Ադրբեջանը համոզված են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին: «Արեւմուտքն ասում է Ադրբեջանին, որ նա կորցրել է Ղարաբաղը պատերազմում եւ պետք է հրաժարվի այդ տարածքից` հանուն խաղաղության եւ բարեկեցության եւ առաջ տանի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը: Նման խոսակցությունները միայն սաստկացնում են ազգայնամոլականների դիրքորոշումները, որոնք գտնում են, որ նավթային եւ գազային մեծ եկամուտները թույլ կտան իրենց ռազմական ուժով վերադարձնել տարածքները», -ավելացրել է փորձագետը:
«Հայաստանը նույնպես գտնում է, որ ժամանակն աշխատում է իր օգտին` Ադրբեջանից Ղարաբաղի փաստացի առանձնացումը իրավաբանորեն ձեւակերպելու համար: Հայաստանում կարծում են, որ Ադրբեջանը ռիսկի չի դիմի եւ չի սկսի պատերազմը, հասկանալով, որ նավթա- եւ գազատարները կարող են գրոհի ենթարկվել եւ հանգեցնել տնտեսության քայքայմանը», - նշել է Զեյնո Բարանը: