Սփյուռքի նախարարությունը ներկայացրեց «Իմ Հայաստան» ֆիլմը

Սփյուռքի նախարարությունը ներկայացրեց «Իմ Հայաստան» ֆիլմը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված «Իմ Հայաստան» ֆիլմը՝ Հայաստանի անկախության ձեռքբերման և կայացման ճանապարհին Սփյուռքի ներդրման մասին:

Ֆիլմն անկեղծ զրույց էր աշխարհի տարբեր անկյուններում հաստատված ու կայացած հայորդիների հետ, մտերմիկ կոչ հայրենիքի ձայնին ականջալուր լինելու: Ֆիլմը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերմանը նախորդող ժամանակահատվածում աշխարհասփյուռ հայության դերն ու նշանակությունը: Առանձնահատուկ կերպով հիշատակվեցին բոլոր այն անվանի հայերը, ովքեր անցած 20 տարիների ընթացքում նշանակալի ներդրում են ունեցել անկախ պետականության կայացման ճանապարհին:

Արծարծվում էր այն հիմնական գաղափարը, որ եթե Հայաստանի անկախության ձեռքբերման սկզբնական տարիներին հայկական սփյուռքը մարդասիրական օգնության ու բարեգործական նկատառումներով էր աջակցում հայրենիքին, ապա աստիճանաբար սփյուռքահայ գործիչները հեռանկարային ներդրումներ են կատարում տնտեսության ամենատարբեր ճյուղերում՝ այսպիսով իսկ նպաստելով հայրենական տնտեսական մրցունակության բարձրացմանը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման գործում կարևորեց նաև երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը: Նախարարի խոսքով՝ հայ է այն մարդն, ով իրեն հայ է զգում. հատկապես վերջին տարիներին զգացողությունը բերվել է առաջին պլան, ինչն էլ Հայաստան գալու կարևորագույն նախապայմաններից է: Նախարար Հակոբյանը կարևոր ձեռքբերում համարեց ՀՀ սփյուռքի նախարարության՝ որպես պետական քաղաքականության իրականացման գործիքի ստեղծումը:

«Մենք այսօր երախտագիտությամբ ենք հիշում սփյուռքահայերի ներդրումային ծրագրերի և գործի մասին, - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը: - Մեզ համար կան անհատականություններ, ում նեդրումները Հայաստանի տնտեսությունում, առողջապահության, մշակույթի, կրթության բնագավառներում հեղափոխություն են արել: Ուրախ ենք և երջանիկ, որ քաղաքական տարբեր ծրագրերի և քաղաքականության փոփոխության արդյունքում Սփյուռքն ավելի է մոտենում Հայրենիքին, Հայաստանի Հանրապետությունը իրավամբ հռչակվել է համայն հայության հայրենիք: Սա ամենակարևոր շեշտադրումն էր, որ արվեց վերջին տարիների ընթացքոմ»:

Նախարարը հավաստեց, որ ֆիլմի ստեղծմամբ նախարարությունը նպատակ ուներ ծանրութեթև անել, հանրության լայն շրջանակների համար արժևորել Սփյուռքի գործոնը, գնահատական տալ այն մարդկանց, ովքեր ներդրումներ են իրականացրել՝ դառնալով փայլուն օրինակ ու դաս մյուս հայորդիների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---