Անկախության օրվա միջոցառումները Երևանում, կամ «տոնը հանրապետական է, զանգահարեք մշակույթի նախարարություն»

Անկախության օրվա միջոցառումները Երևանում, կամ «տոնը հանրապետական է, զանգահարեք մշակույթի նախարարություն»

PanARMENIAN.Net - Վաղը լրանում է Հայաստանի Անկախության 21-րդ տարեդարձը: Երևի թե ինչպես երևանցիներին, այնպես էլ մարզերի բնակիչներից շատերին է հետաքրքրում, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվում տոնի առթիվ, և, առհասարակ, կազմակերպվում են, թե ոչ: Մեզ էլ հետաքրքրեց… Ամբողջ օրվա ընթացքում խմբագրությունում սպասում էինք, որ Երևանի քաղաքապետարանից մամլո հաղորդագրություն կստանանք, որտեղ նշված կլինի միջոցառումների ցանկը: Ժամը 18:00-ին աշխատանքային օրն ավարտվեց, իսկ «ռելիզն» այդպես էլ տեղ չհասավ: Որոշեցինք զանգահարել և ինքներս պարզել:

Բախտս բերեց, որ ժամը 18:20-ին կարողացա կապվել լրատվության բաժնի հետ, բայց, ուրախությունս վաղաժամ էր… Քաղաքապետարանում ասացին, որ քանի որ տոնը հանրապետական է, իրենք տեղյակ չեն, թե ինչ միջոցառումներ են կազմակերպվում Երևանում: Նշեցին միայն, որ «բոլոր վարչական շրջաններում երեխաների համար համերգներ են նախատեսված», այնուհետև հորդորեցին զանգահարել կառավարություն կամ մշակույթի նախարարություն:

Զանգահարեցի նախարարություն: Ինչպես պարզվեց` «մամուլի» բաժնում աշխատանքային օրվա ավարտից հետո միջոցառումների ցանկը դեռ չունեին… Ասացին միայն, որ վաղը` երեկոյան ժամը 21:00-ին Հրապարակում համերգ է լինելու: Հարցիս` մասնակցելու՞ է արդյոք ՀՀ նախագահը, ստացա պատասխան` «չգիտեմ, նախագահականից ճշտեք»: Նախագահականում ասացին, որ դեռևս նորություն չունեն: Որոշեցի կրկին զանգահարել նախարարություն` ճշտելու, թե լինելու են արդյոք միջոցառումներ առհասարակ: Զանգահարեցի և «օ, հրաշք»` պարզվեց, որ այնտեղ արդեն տեղյակ են. ժամը 14:00-ին Նկարիչների միությունում ցուցահանդես է լինելու, այնուհետև` «քարերի հետ կապված ինչ-որ միջոցառում. Զանգահարեք 51 63..` այնտեղ կասեն» և համերգը: Այլ միջոցառումներ չեն կազմակերպվելու…

«Ռելիզից» դուրս հավելյալ տեղեկատվություն ստանալու համար պետական կառույցներ զանգահարելիս հաճախ կարելի է առնչվել նման դեպքերի…

Մանե Եփրեմյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---