Հայոց ցեղասպանության թանգարանի տարածքը կընդլայնվի մինչև 2015 թ-ը

Հայոց ցեղասպանության թանգարանի տարածքը կընդլայնվի մինչև 2015 թ-ը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարանի տարածքը կընդլայնվի, ինչպես նաև կկառուցվի նոր մասնաշենք: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի թվով երկրորդ նիստը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որի ընթացքում էլ քննարկվել է թանգարանի տարածքի հարցը:

Դեմոյանը նշեց, որ կկառուցվի վարչական նոր շենք, իսկ ներկայիս վարչական հատվածը կտրամադրվի թանգարանի ընդլայնմանը:

Դեմոյանի խոսքով կրկնակի կընդլայնվի թանգարանի մշտական ցուցադրության տարածքը: Բացի դրանից, թանգարանի շենքի երկու կողմերից տեղի կունենա տարածքի մեծացում, վարչական շենքին կից կկառուցվի նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահ: Դեմոյանը շատ չմանրամասնեց այս մասին, նշելով, որ ավելի հանգամանորեն կանդրադառնա այս հարցին հետագայում: Թանգարանը կբացվի 2015 թ-ի ապրիլի 24-ին` Եղեռնի 100-րդ տարելիցին:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև 2013 և 2015 թ-ի միջոցառումների հարցը, կայքի ստեղծումը, առանձնանշանի և կարգախոսի հարցը: Նիստի օրակարգում է եղել նաև աշխարհի տարբեր մայրաքաղաքների թանգարաններում Եղեռնին նվիրված ժամանակավոր ցուցադրությունների բացումը, օտար երկրներում Հայոց ցեղասպանության մասին դասագրքերում մի քանի պարբերությամբ ներկայացնելը և այլն:

Այս ամենից զատ կսահմանվի նաև նախագահական մրցանակ, որը կշնորհվի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդ ունեցած անձանց: Կկազմակերպվեն նաև շուրջ 30 շարժական ցուցահանդեսներ:

Հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա 2013 թ-ի մայիսին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---