
Դեղատնից դեղ գնելիս` քանի՞ անգամ եք տեղում ուշադրություն դարձրել դեղի ներդիրին: Ես այն միշտ տանն եմ կարդում: Երեկ ևս` սովորության համաձայն` գնածս աչքի կաթիլների տուփը բացեցի տանը և ինչ… Ներդիրն անգլերեն էր: Հետո նկատեցի նաև, որ տուփի վրա ոչ մի հայերեն մակնշում չկա: Պարզելու համար` թե արդյոք Հայաստանում վաճառվող դեղամիջոցը պետք է ունենա հայերեն ներդիր` զանգահարեցի դեղարտադրողների և ներմուծողների միություն: Հարցս տվեցի. «օֆիսի աշխատակից» ներկայացած աղջիկն ասաց, որ ինքը տեղյակ չէ և չի կարող պատասխանել հարցիս. հորդորեց դիմել առողջապահության նախարարություն կամ զանգահարել երկուշաբթի` երբ «տնօրենը տեղում կլինի»:
Հետևելով նրա խորհուրդին` զանգահարեցի: Նախարարությունում ասացին, որ ներկայիս «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ներդիրները պետք է լինեն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն : Հավելեցին նաև, որ 2013-ին օրենքում «պետք է որ» փոփոխություն կատարվի` համաձայն որի ներդիրները պարտադիր կթարգմանվեն հայերեն: Հարցիս, թե եթե հիվանդն անգլերեն չգիտի` ինչպե՞ս օգտվի դեղամիջոցից` նախարարությունում ասացին, որ դրանում նրան պետք է օգնի բժիշկը կամ էլ դեղատան աշխատողը:
4 դեղատուն այցելեցի` ստացա երկու պատասխան…. Մի տեղ ասացին, որ կաթիլները հակաբիոտիկներ և հորմոններ են պարունակում, կարող են նաև ալերգիա առաջացնել. դրանք խորհուրդ է տրվում օգտագործել միայն բժշկի նշանակումով: Մյուս երկու դեղատներում ասացին, որ դա սովորական «անտիբիոտիկ» է, որը վտանգավոր չէ և կարող է օգտագործվել նաև առանց մասնագետի նշանակման:
Հարց է ծագում` ու՞մ հավատալ և ինչպե՞ս տարբերել իրական դեղագետին սովորական դեղ վաճառողից… Չէ՛ որ, շատ հաճախ, մենք գնում ենք դեղատուն առանց բժշկին դիմելու և խորհուրդ հարցնում աշխատակցից, թե այս կամ այն դեպքում ի՞նչ դեղ կարող ենք օգտագործել: Դեղատան աշխատակիցներն էլ, սովորաբար, ինչ-որ բան առաջարկում են: Որքանո՞վ է ճիշտ առողջությունը վստահել դեղատան աշխատակցին…