21 սեպտեմբերի 2012 - 17:18 AMT
Ջութակահար Հրաչյա Ավանեսյանը հաղթել է Էնն Ակիկո Մեյերսի մրցույթում

Բելգիաբնակ ջութակահար Հրաչյա Ավանեսյանը հաղթել է հանրահայտ ամերիկացի ջութակահարուհի Էնն Ակիկո Մեյերսի մրցույթում: Ինչպես Բելգիայից փոխանցեց Հրաչյայի հայրը` Սամվել Ավանեսյանը, Մեյերսն իր անվան մրցույթը հայտարարել էր ինտերնետով, որին պետք է ինքն անձամբ հետևեր: Մասնակիցները պետք է ուղարկեին մեկական տեսագրություն: Նրանց թիվը արագորեն հասավ և անցավ հազարի սահմանը: «Հրաչյան քանի որ հյուրախաղերի էր պատրաստվում ու ժամանակ չուներ դրանով զբաղվելու, եղբորը՝ Սևակին խնդրեց, որպեսզի իր տեսագրություններից որևէ մեկն ուղարկի: Սևակն էլ ուղարկեց առաջին պատահած տեսագրությունը` Մոցարտի թիվ 3 ջութակի կոնցերտը, ու կարճ ժամանակ անց հայտարարվեց նրա անունը»,-նշում է ջութակահարի հայրը: Հրաչյան նվեր է ստեցել 5000 եվրո արժողությամբ մի հրաշալի աղեղ, որին սպասում է անհամբերությամբ:

Կար նաև երկրորդ և երրորդ մրցանակ:

«Սա մի հաճելի անակնկալ է, երբ հազարավոր ջութակահարների միջից քեզ են ընտրում որպես լավագույն և ճանաչում որպես առաջին մրցանակակիր»,-հավելեց երիտասարդ երաժիշտի հայրը: