21 սեպտեմբերի 2012 - 17:46 AMT
Ռումինիայում մեկնարկում են Հայկական մշակույթի օրերը

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Ազգային տոնի շրջանակներում Բուխարեստի Հայոց մշակութային կենտրոնում բացվեց ցուցահանդես` նվիրված հայ գրատպության 500-ամյակին: Ցուցադրությունը կենտրոնացած էր Ռումինիայում հայ գրատպության պատմության, ինչպես նաև ռումին գրականության զարգացման մեջ հայերի ներդրման վրա: Հայ գիրքը մասնակցում է նաև նույն օրը Բուխարեստի Կարոլ Ա-ի անվան Կենտրոնական գրադարանում բացված Ստրադա դե Կ’Արտե գրքի մեկշաբաթյա փառատոնին, որտեղ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Վազգեն Վեհափառի Ավետարանի, «Ուրբաթագրքի», «Մատյան գիտության և հավատո» և Թեոդիկի «Տիպ և տառ» բարձրարժեք նմանահանումների կողքին ցուցադրված են Ռումինիայում հրատարակված հայալեզու, ռումիներեն և հունգարերեն հրատարակություններ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Բուխարեստի Հայոց մշակութային կենտրոնում ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքերով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը և Ռումինիայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վալերիու Զգոնեան:

Այնուհետև ռումինահայ հայտնի պետական-քաղաքական գործիչ, գրող, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց հայերի անցած ուղին Ռումինիայում` ընդգծելով այն բարեբեր միջավայրը, որի շնորհիվ հայերը կարողացան լիովին ներգրավվել և մասնակցել ռումին գրականության առաջընթացին: Օրվա հիմնական բանախոս ակադեմիկոս Էուջեն Սիմիոնը նշեց այն վիթխարի ավանդը, որ հայերը ներդրել և այսօր էլ շարունակում են ներդնել Ռումինիայի զարգացման մեջ:

Այս առումով, Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանն իր խոսքի մեջ բարձր գնահատեց Ռումինիայի արտաքին գործերի և մշակույթի, ինչպես նաև ազգային ժառանգության նախարարությունների պատրաստակամությունը, որոնք հավանություն են տվել հաջորդ տարի Ռումինիայում անցկացնելու ռումինահայ մշակութային ժառանգությանը նվիրված գիտական ու մշակութային միջոցառումներ: «Դրանք անց են կացվում Մշակույթի, գիտության ու կրթության ոլորտում համագործակցության միջկառավարական ծրագրի շրջանակներում, ինչը քաղաքական երկխոսության, Արևելյան գործընկերության և Սևծովյան ավազանի շրջանակներում գործակցությանը, միջազգային կառույցներում համագործակցությանը և տնտեսական հարաբերություններին զուգահեռ կարևոր գործիք ենք համարում Հայաստանի և Ռումինիայի միջև միջպետական հարաբերությունների խորացման և զարգացման առումով»,- ասաց Հայաստանի դեսպանը:

Հայաստանի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը ներկա էին նաև Ռումինիայի Սահմանադրական դատարանի նախագահ Աուգուստին, ԱԳՆ պետքարտուղար Դան Պետրեն, գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, քաղաքապետեր, հոգևոր պետեր, գործարար միջավայրի, մտավորական և ստեղծագործական շրջանակների դեմքեր, ինչպես նաև բազմաթիվ ռումինահայեր:

Մինչ այդ` սեպտեմբերի 14-ին, «Երևանը Գրքի 2012թ. համաշխարհային մայրաքաղաքի» շրջանակներումգրական-գեղարվեստական երեկո էր տեղի ունեցել Կոնստանցայում` ռումինահայ ճանաչված գրող ևհրապարակախոս Պետրոս Խորասանջյանի մասնակցությամբ: Սեպտեմբերի 29-30-ին Կլուժում նույնպեսնախատեսված են Հայկական մշակույթի օրեր, որոնց առանցքը կազմելու են հայ գրատպության 500-ամյակիննվիրված ցուցադրությունները և դասախոսությունները:

Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, դեսպան Գասպարյանի ստորագրությամբ, սեպտեմբերի 21-ին հոդված էր լույս տեսել Բուխարեստի Nine O’Clock անգլալեզու օրաթերթում: Հայաստանի դեսպանը հարցազրույցներ տվեց նաև ռումինական TVR1 հեռուստատեսության ծրագրերին: Հոկտեմբերի 6-իննախատեսվում է դեսպան Գասպարյանի մասնակցությունը Ռումինական ռադիոյի Ճամփորդություն աշխարհիշուրջը մեկ ժամանոց հաղորդմանը, որի ընթացքում խոսվելու է Հայաստանի Ազգային տոնի, հայ-ռումինականհարաբերությունների, մշակութային ծրագրերի և Հայաստանի տուրիստական հնարավորությունների մասին:

Տոնի առթիվ ՀՀ դեսպանի անունով ստացվել են շնորհավորական ուղերձներ ռումին նախարարների,պետական, քաղաքական և հասարակական գործիչների, տեղական իշխանությունների ղեկավարների ևանհատների անունից:

Հայաստանին նվիրված տոնը շարունակվեց նույն օրը` սեպտեմբերի 21-ին, Ռումինիայի Գյուղի թանգարանում, ուր Բուխարեստի լայն հանրությանը քաջածանոթ այդ վայրում սկսվեցին Հայկական մշակույթի օրերը: Պաշտոնական բացումը նախատեսված է շաբաթ կեսօրին` Ռումինիայի մշակույթի նախարար Պույու Հաշոտիի, դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինահայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանի և Ռումինահայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Եզրաս Բոգդանի մասնակցությամբ: Միջոցառումները ներառնում են հայկական ավանդույթների, սովորույթների, արհեստների և խոհանոցի ցուցադրումն ու քարոզումը: Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Ռումինահայոց թեմի, ինչպես նաև Ռումինահայոց միության աջակցությամբ ու կազմակերպմամբ ռումինահայ երիտասարդները այցելուներին մատուցելու են հարուստ և հագեցած եռօրյա ծրագիր` գեղանկարի և լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսներ, պար, երգ, զարդարվեստ, գեղագրություն, բանախոսություններ և հայկական խորտիկներ:

Բուխարեստում Հայկական մշակույթի օրերի մասին ծանուցվում են կենտրոնական փողոցների վահանակների, քաղաքային տրանսպորտի վրա, լրատվամիջոցներով: Հրատարակվել են գրքույկներ, ազդագրեր և ծրագրեր: Սեպտեմբերի 19-ին Հայ մշակույթի տանը Գյուղի թանգարանի տնօրինուհի Պաուլինա Պոպոյուն, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, դեսպան Համլետ Գասպարյանը, Առաջնորդական փոխանորդ Տեր Եզրաս Բոգդանը և Հայ երիտասարդաց միության նախագահ Վահե Հովակիմյանը ռումին լրագրողներին ներկայացրեցին օրերի ծրագիրը: