ԱԺ նախագահը եվրոպացի խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում տիրող ռասիզմի վրա

ԱԺ նախագահը եվրոպացի խորհրդարանականների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում տիրող ռասիզմի վրա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում` «Արդյո՞ք ներկայացուցչական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է. մարտահրավերներ ազգային խորհրդարաններին» թեմայով, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

Նշենք, որ համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրների խորհրդարանական պատվիրակություններ` խորհրդարանների ղեկավարների գլխավորությամբ:

Դիմելով համաժողովի մասնակիցներին` ՀՀ ԱԺ նախագահն ասաց.

«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք, Իմ ելույթը ուզում եմ սկսել պարոն Նախագահին շնորհավորելով մեր հասարակություններին հուզող այս արդիական թեման ընտրելու համար: Այս համաժողովը նման կարևոր խնդիրները քննարկելու կարևոր հարթակ է:

Այսօր ինձ համար շատ խորհրդանշական է ժողովրդավարության այս տաճարի` ԵԽԽՎ բարձր ամբիոնից, ելույթ ունենալը. 21 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով հռչակեց իր անկախությունը:

Հայաստանի համար անկախությունից ի վեր եվրոպական արժեհամակարգը հանդիսացել է մեր երկրի կառուցման ուղենիշը`արտահայտելով մեր ժողովրդի կամքը:

Հարգելի գործընկերներ, Այսօրվա թեման մեր քաղաքական օրակարգում է արդեն տևական ժամանակ: Սակայն վերջին տնտեսական ճգնաժամը և դրա արդյունքում պարտադրված կոշտ տնտեսական քաղաքականությունը մարտահրավեր են մեր համընդհանուր եվրոպական ժողովրդավարության արժեհամակարգին` ստիպելով մեզ անընդհատ անդրադառնալ այդ երևույթին: 2010 թվականին Հայաստանում կայացած ֆորումը անդրադարձ կատարեց ճգնաժամի հիմնական պատճառներին և նախանշեց հաղթահարման հնարավոր ուղղությունները:

Իհարկե, խորհրդարանները` լինելով ներկայացուցչական ժողովրդավարության ամենակարևոր օղակներից մեկը, առանցքային դերակատարություն ունեն այս հարցում:

Սակայն ինտերնետը, տեղեկատվական տեխնոլոգիաները և սոցիալական ցանցերը լայն հնարավորություն են տալիս քաղաքացիներին ժամանակակից հասարակության ժողովրդավարական կյանքի ակտիվ մասնակից դառնալ: Մարդիկ ազատ բանավիճում են և շփվում անկախ տարածություններից և սահմաններից: Նման միջավայրում առկա է վտանգ, որ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը անկարող լինի արտահայտել ավելի դինամիկ հանրային կամքը: Ընդ որում վտանգն առկա է նաև այն դեպքում, երբ իշխանության լեգիտիմությունը որևէ կասկած չի հարուցում: Գոյություն ունեցող կառավարման համակարգերը իրականությանը ներդաշնակեցնելու հրամայականը պահանջում է հասարակական գործընթացների դերակատարների նոր փոխհարաբերություններ: Որքան էլ հակասական հնչի` ներկայացուցչական ժողովրդավարության ճգնաժամը պետք է հաղթահարվի ժողովրդավարության գործիքակազմի ընդլայնմամբ: Ներկայացուցչական ժողովրդավարությունը չպետք է լինի ժողովրդավարության միակ արտահայտչամիջոցը: Մենք պետք է գտնենք ժողովրդի և իշխանությունների միջև փոխգործակցության նոր, առավել կենսունակ, արդյունավետ միջոցներ: Դրանք պետք է նաև ներառեն տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործում անմիջական ժողովրդարության տարրեր: Հարգելի գործընկերներ,

Ժողովրդավարությունը կենսունակ չէ առանց ժողովրդավարության մշակույթի: Այն պահանջում է հասարակության շարունակական կրթում, որի հիմնական պատասխանատուն քաղաքական վերնախավն է: Հետևողական աշխատանքներն այս ուղղությամբ այն ճանապարհն է, որը կկանխի եվրոպական արժեքային համակարգի չարաշահումը, երբ դրանով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները դառնում են միջոց ծայրահեղ գաղափարախոսության տարածման համար: Սա այն վտանգն է, որ մենք պետք է կանխենք միասին:

Այս տեսանկյունից անհանգստությամբ եմ արձանագրում, որ Եվրոպայի խորհրդի տարածքում դեռևս առկա է անհանդուրժողականության ու ռասիզմի խրախուսումը: Ընդամենը վերջերս տեղի ունեցավ մի աննախադեպ դեպք, երբ էթնիկ ատելության հողի վրա դաժան սպանություն կատարած և ցմահ բանտարկության դատապարտված մարդասպան Սաֆարովը փոխանցվեց Ադրբեջանին, ազատ արձակվեց և հերոսացվեց Ադրբեջանի ռեժիմի կողմից: Անգամ այն բանից հետո, երբ քաղաքակիրթ աշխարհը դատապարտեց այդ երևույթը, Ադրբեջանում նոր թափ ստացավ նման հանցագործությունների արդարացման գործընթացը: Բավական է բացել Ադրբեջանի նախագահի կայքը և դուք կտեսնեք երկրի բարձրագույն իշխանության տարբեր ներկայացուցիչների ելույթները` ի պաշտպանություն նման հանցագործությունների: Ռասիզմի, քսենոֆոբիայի դրսևորումները կարող են վարակիչ լինել: Դա միայն Հայաստանի ու ԼՂ ժողովրդի խնդիրը չէ: Ռասիզմն այսօր, ցավոք, ունի պարարտ հիմք և դրա դեմ պայքարի արդյունավետ միջոց չգտնելը կվտանգի ամբողջ Եվրոպան: Եվրոպան պետք է ի զորու լինի համարժեք և աներկբա կերպով արձագանքել մեզ նետած այս մարտահրավերին>>:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---