24 սեպտեմբերի 2012 - 14:23 AMT
Կանադայում ՀՀ Անկախության 21-ամյակը նշվեց Շելլ եռյակի և սոպրանո Իրինա Զաքյանի կատարումներով

Սեպտեմբերի 21-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայի քաղաքապետարանի դիմաց Հայաստանի պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկեցին Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում: Նույն օրը երեկոյան Կանադայում ՀՀ դեսպանությունը Օտտավայի համալսարանի «Տաբարե» դահլիճում կազմակերպել էր տոնական համերգ, հայտնում է ԱԳՆ մամլոծառայությունը:

Միջոցառման սկզբում ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը: Իր ուղերձում ՀՀ դեսպանը խոսեց ՀՀ արտաքին քաղաքականության գերակայություններից, ներկայացրեց հայոց պետականության կայացման փուլերը: ՀՀ դեսպանը կարևորեց հայ-կանադական հարաբերությունները` նշելով, որ Կանադայի պես բարեկամական պետությունների զորակցությունը մեծ նշանակություն ունի մեր երկրի համար: Դեսպան Եգանյանը նաև ընդգծեց սփյուռքի դերը Հայաստանի Հանրապետության համար` մատնանշելով Կանադայի հայ համայնքի ներգրավվածությունը հայրենիքի զարգացման և բարգավաճման գործում:

Կանադայում ՀՀ Անկախության 21-րդ տարեդարձը նշվեց ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եռյակի (Շելլ) և սոպրանո Իրինա Զաքյանի կատարումներով: Համերգին ներկա դիվանագետներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, համայնքային կառույցների ներկայացուցիչներին մատուցվեցին հայ և այլազգի անվանի երգահանների ստեղծագործությունները:

Երաժիշտները, ում կատարումները մեծ խանդավառությամբ ընդունվեցին ներկաների կողմից, ՀՀ անկախության օրվա առթիվ համերգներ կունենան նաև Մոնրեալում և Տորոնտոյում: