24 սեպտեմբերի 2012 - 17:48 AMT
Բերնար Ատամյան. Հայաստանի բիոապրանքները համապատասխանում են եվրոպական չափանիշներին

Ճգնաժամի պատճառով տուժեցին շատ երկրների տնտեսություններ, այդ թվում նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա ուժեղ է իր որակյալ արտադրանքով: Այդ մասին սեպտեմբերի 24-ին Երևանում մեկնարկած հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է Հայ-ֆրանսիական առևտրա-արդյունաբերական պալատի փոխնախագահ Բերնար Ատամյանը: «Դեռ 20 տարի առաջ այդ ապրանքները չէին համապատասխանում ԵՄ պահանջներին, իսկ այժմ իրավիճակը փոխվել է և Հայաստանից ներկրվող էկոլոգիապես մաքուր ապրանքը վաճառվում է Ֆրանսիայի շուկայում»,-ասել է նա: Այդ ապրանքների շարքում նա նշեց, օրինակ, հայկական արտադրության «Կոտայք» և «Կիլիկիա» գարեջուրը, որն արտահանվում է Մարսել:

Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 20 գործարարներ Մարսելից, որոնք ներկայացնում են առևտրի, նորաձևության, շինարարության, ՏՏ, կահույքի արտադրության, բժշկության ոլորտները, ինչպես նաև Մարսելի ԱԱՊ ներկայացուցիչները:

Միաժամանակ Ատամյանն ասել է, որ «երիտասարդ և անկախ Հայաստանին համբերութուն է հարկավոր», որպեսզի հայկական ապրանքները կարողանան իրենց ուրույն տեղը գրավել եվրոպական շուկայում:

Որպես պոտենցիալ ներդրումային ոլորտներ նա նշել է ոչ միայն գյուղատնտեսությունն, այլ նաև զբոսաշրջությունը: Ֆրանսիայի շատ զբոսաշրջային ընկերություններ ներառում են Հայաստանը իրենց զբոսաշրջային փաթեթների մեջ: