15 մարտի 2005 - 11:22 AMT
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՈՐ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԿԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի (ՄՀՄԻ) նոր տնօրենի պաշտոնում առաջարկվել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի եւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկ, պրոֆեսոր Ալեքսեյ Սիսակյանի թեկնածությունը (ներկայումս նա ՄՀՄԻ փոխտնօրենն է), տեղեկացնում է Դուբնա քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը: Նոր տնօրենի ընտրությունները կկայանան Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի անդամ-պետությունների կառավարությունների Լիազոր ներկայացուցիչների կոմիտեի (ԼՆԿ) նստաշրջանի ընթացքում, որը կկայանա Դուբնա քաղաքում մարտի 17-18-ին: Այսօր Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտին անդամակցում են աշխարհի 18 պետություն: Լիազոր ներկայացուցիչների կոմիտեի քննարկմանն են ներկայացվել 2004 թվականին ՄՀՄԻ գործունեությանը եւ 2005 թվականին Միավորված ինստիտուտի ծրագրերին, Գիտական խորհրդի հանձնարարականների եւ ԼՆԿ որոշումների կատարմանը եւ ՄՀՄԻ ֆինանսական ու նորարարական գործունեությանն առնչվող հարցեր: