24 սեպտեմբերի 2012 - 17:53 AMT
Հայաստանի շախմատի ֆեդերացիան դեռ չգիտի, կմեկնի մեր հավաքականը Բաքու 2016թ. Օլիմպիադայի, թե ոչ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան դեռ չգիտի, կմեկնի մեր հավաքականը Բաքու 2016թ.՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի, թե ոչ, քանի որ առջևում դեռ 4 տարի կա, PanARMENIAN.Net-ին են հայտարարել ֆեդերացիայում: Իր հերթին հայկական թիմի անդամները հայտարարեցին, որ այսօրվա պայմաններում իրենք չեն կարող մասնակցել այդ մրցաշարին, սակայն եթե 4 տարում ինչ-րո բան փոխվի, նրանց ելույթը չի բացառվում:

Ավելի վաղ Ադրբեջանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Մաիր Մամեդովը extratime.az –ին հայտարարել էր, թե վստահ է, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի Բաքվի Օլիմպիադային:

«Ուշադիր հետևում եմ տարբեր հարցազրույցներին, որոնք հաջորդեցին Ստամբուլի օլիմպիադային: Որոշ հարցազրույցներում ափսոսանք է հայտնվում, որ 2016 հայ շախմատիստները չեն մասնակցի Բաքվի 2016թ. Օլիմպիադային, կարծես դա արդեն կատարված փաստ է: Առաջին հերթին, ուզում եմ նշել որ դա դեռ փաստ չի: Մինչ այդ երկու երկրների հարաբերությունները կարող են փոխվել»,-Մամեդովին է մեջբերում chess-news.ru:

Նա հավելել է նաև, որ չի հասկանում, թե այդ մարդիկ ինչու են ափսոսում, որ Հայաստանի հավաքականը չի ժամանի Բաքու, սակայն, «նույնպիսի զգայունություն չեն ցուցաբերում Ադրբեջանի հավաքականի հանդեպ, որը, հնարավոր է, չի մասնակցի Հայաստանում անցնող մրցումներին»:

«Միայն այն պատճառո՞վ, որ Հայաստանն օլիմպիական չեմպիոն դարձավ: Մինչ այդ Ադրբեջանը ևս կարող է հաղթել Օլիմպիադայում կամ այլ բարձր մակարդակի թիմային մրցումներում: Իմ կողմից վստահ եմ, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի Բաքվի Օլիմպիադային»,-ասել է Մամեդովը:

Նշենք, որ Ադրբեջանի հավաքականը երբեք չի դարձել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, որն անց է կացվում 1927 թվականից: