24 սեպտեմբերի 2012 - 18:36 AMT
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Սաքսոնա-Անհալթ երկրամասի Մշակույթի և կրթության նախարարին

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնա-Անհալթ երկրամասի Մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգելոհի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի: Հանդիպմանը ներկա էր նաև Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:

Հանդիպման սկզբում մշակույթի փոխնախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հայ-գերմանական մշակութային կապերն ու համագործակցությունը, ինչպես նաև տեղեկացրեց, որ այս տարի Հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում Գերմանիայի մի շարք քաղաքներում մշակութային տարբեր միջոցառումներ ու ծրագրեր են իրականացվել:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց հայ-գերմանական բազմակողմանի մշակութային համագործակցության առիթով` ուրախությամբ նշելով, որ երկու երկրների հարաբերությունները տարեց տարի ավելի են սերտանում և համագործակցություն` ավելի ընդգրկուն դառնում: Նորին Սրբությունը մասնավորապես կարևորեց այն օժանդակությունը, որ գերմանացի մասնագետները մատուցում են հայկական հնագույն արժեքների ուսումնասիրության և համաշխարհային հանրությանը ներկայացնելու գործում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Գերմանիայի հայկական համայնքի կյանքին, Հայոց Եկեղեցու և Գերմանիայի Եկեղեցիների միջեկեղեցական հարաբերություններին: