24 սեպտեմբերի 2012 - 18:41 AMT
Ոստիկանությունը փնտրում է ուրիշի փոխարեն քվեարկած քաղաքացուն

Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.00-ին, Գառնի գյուղի թիվ 27/3 տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ տեղամասում փորձել են այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, 1973 թ. ծնված Ա. Ավետիսյանը մուտք գործելով տեղամաս, փորձել է այլ անձի փոխարեն քվեարկություն կատարել, սակայն վստահված անձանցից մեկը կանխել է նրա գործողությունները, ինչից հետո Ա. Ավետիսյանը ծրարավորված 2 քվեաթերթիկները գցելով` դիմել է փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր: