Հովհաննես Մանուկյան. Այսուհետ տարածաշրջանային անկայունության հարցերում ՀՀ արձագանքը վճռական է լինելու

Հովհաննես Մանուկյան. Այսուհետ տարածաշրջանային անկայունության հարցերում ՀՀ արձագանքը վճռական է լինելու

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի «Krtsanisi Residence» համալիրում տեղի ունեցավ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն, որը կազմակերպել էր Վրաստանում ՀՀ դեսպանությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիսությանը մասնակցում էին Վրաստանի պետական, քաղաքական, հասարակական ու գործարար շրջանակների բազմաթիվ ներկայացուցիչներ, Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև վրացահայ համայնքի հասարակական և մշակութային կառույցների տասնյակ ներկայացուցիչներ:

Ներկաներին ուղղված իր խոսքում Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով անկախությունից ի վեր Հայաստանի ունեցած ձեռքբերումներին և խաղաղ համակեցության ու կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված մարտահրավերներին, մասնավորապես նշեց. «Այսուհետ ևս Հայաստանի արձագանքը միանշանակ և վճռական է լինելու տարածաշրջանային անկայունությանն ուղղված ցանկացած տեսակի սադրանքներին: Մենք ցանկանում ենք հստակեցնել, որ հայկական պետականությունն ու արտերկրի հայ համայնքներն ունեն նշանակալից և ծանրակշիռ դերակատարություն, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել նաև հետագայում»: Դեսպանը միևնույն ժամանակ, անդրադարձավ Վրաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարներին, ինչպես նաև բարձր գնահատեց վրացահայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Վրացական կողմից շնորհավորական խոսքով հանդես եկավ Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիկոլոզ Վաշակիձեն:

ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելության ընթացքում տոնական երգերով հանդես եկան Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի սաները, ցուցադրվեցին Հայաստանի վերաբերյալ տեսահոլովակներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---