25 սեպտեմբերի 2012 - 12:28 AMT
Արծվիկ Մինասյանին զարմացրել է 2011թ. նախագահի համար պատրաստված ուղերձների քանակը

2011 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համար նախապատրաստվել է 370 ուղերձ, 347 հրամանագիր, 344 կարգադրություն: Այդ մասին 2011թ. բյուջետային լսումների ժամանակ հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Տվյալները զարմացրել են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանին, «քանի որ մեկ տարում նախագահի համար ավելի շատ ուղերձ է նախապատրաստվել, քան օրեր կան տարվա մեջ»: «Ի՞նչ է, նրա համար ամեն օր ուղերձ են գրում»,-զարմացել է նա: Ի պատասխան Վիգեն Սարգսյանը պարզաբանել է, որ օրական առնվազն 5 ուղերձ է պատրաստվում, որոնց հասցեատերերն են արտերկրի ներկայացուցիչները, ուղերձները վերաբերում են տոներին, ցավակցություններին և այլ դեպքերին:

Ըստ 2011 թվականի պետբյուջեի, նախագահի աշխատակազմի ծրագրերի իրականացման համար հատկացվել է 3,579 մլրդ դրամ, ճշգրտված պլանը կազմել է 3,632 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսերը՝ 3,625 մլրդ դրամ, ապահովելով կատարողականը 99, 8 տոկոսով: