25 սեպտեմբերի 2012 - 14:04 AMT
«Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած փոխգնդապետն ընդունել է իր մեղքը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ «Հարսնաքար» հյուրանոցային համալիրը պայթեցնելու փորձ կատարած, ԶՈՒ փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:

Սամվելյանը իրեն մեղավոր է ճանաչել, ինչից հետո իսկ նրա պաշտպանը միջնորդել է գործը քննել արագացված կարգով: Մեղադրող Տիգրան Հարությունյանն առաջարկել է Սամվելյանին դատապարտել վեց ամսվա ազատազրկման և 200 հազար դրամ տուգանքի: Դատավոր Արմեն Վարդապետյանը նիստը հետաձգել է մինչև հոկտեմբերի 4-ը, երբ ամփոփիչ խոսքով հանդես կգա Վարդան Սամվելյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ի գիշերը Վարդան Սամվելյանը գնացել էր Երևանի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն: Ոստիկանությունը նրա մոտից հայտնաբերել էր զինամթերք: Դատական նիստը տեղի կունենա Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանն ապօրինի կերպով պահվող զինամթերքը 01.07.2012թ. ժամը 02.00-ի սահմաններում ավտոտնակից վերցրել և ապօրինի փոխադրել է Երևան քաղաքի Աճառյան 37 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի առաջին մասով՝ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով` (ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):