25 սեպտեմբերի 2012 - 15:40 AMT
ԿԱՐԾԻՔ
Չենք ուտի, գոնե կկծոտենք. Բաքուն որոշել է Ղարաբաղի հաշվին 430 մլրդ դոլար աստղաբաշխական գումար վաստակել

Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունը հաշվել է «ընդհանուր վնասի» չափսերը, որոնք հասցվել են Ադրբեջանին Հայաստանի կողմից այսպես կոչված «բռնազավթման» արդյունքում, որն իրականում պատմական հայկական տարածքների ազատագրում է: Հաշվարկի արդյունքում Ադրբեջանի մոտ ստացվել է 431,5 մլրդ դոլար աստղաբաշխական գումար: Այդ թիվը «հորինելուն» մասնակցել են Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների, տնտեսական զարգացման նախարարությունները և փախստականների հարցերով պետական հանձնաժողովը: Ավելին, Բաքուն պնդում է, որ «հաշվարկման գործընթացը շարունակվում է»:

Այդ «հաշվարկը» հավանաբար հուլիսին Աստանայում կայացած Գնահատողների միջազգային կոնգրեսի արդյունք է, որտեղ Ադրբեջանին հանձնարարվել է մշակել վնասի գնահատման չափանիշներ, որոնք երկիրը կրել է միջպետական հակամարտության արդյունքում:

Ավելին, վերջին ժամանակները Բաքվում պարբերաբար կոչեր են հնչում «Հայաստանի դեմ միջազգային դատարան դիմել տնտեսական վնասի համար և փոխհատուցում պահանջել»:

Կարելի է ենթադրել, որ «վնասի» գումարն աճում է նման կոչերի հաճախականությանը զուգահեռ:

Ավելորդ չէ նշել, որ ոչ այդքան հեռավոր 2005-ին Ադրբեջանը նման վնասը գնահատել էր 26,5 մլրդ դոլար: Համապատասխանաբար, ադրբեջանական մաթեմատիկական տրամաբանության համաձայն, «վնասը» 7 տարում աճել է ավելի քան 16 անգամ:

Հավանաբար, Բաքվում վերջապես գիտակցել են, որ Արցախի Հանրապետությունը երբեք և ոչ մի տեսքով չի մտնի իրենց երկրի կազմի մեջ, որն արմատավորում է ատելություն ամեն հայկականի հանդեպ և դաստիարակում սերունդ, որն ընդունակ է միայն գիշերը թաքուն սպանել քնած անզեն մարդկանց: Եվ, համապատասխանաբար, ելնելով այդ հասկացումից, Ադրբեջանը, որի պետական բյուջեն, ի դեպ, կազմում է շուրջ 22 մլրդ դոլար, որոշել է Ղարաբաղի վրա կլորիկ գումար վաստակել, գործելով «չենք ուտի, գոնե կկծոտենք» սկզբունքով:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News