25 սեպտեմբերի 2012 - 15:46 AMT
Երևանի թիվ 71 դպրոցի տնօրեն. «Թող գան տեղում ստուգեն, միակ ճիշտ լուծումը դա կլինի»

«Իրական Հայաստան» նախաձեռնությունը այսօր հայտարարություն է տարածել՝ համաձայն որի, Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների ծնողները ուսումնական տարվա սկզբից մինչ օրս ստիպված են եղել ավելի քան 6000 վճարել դպրոցի և դասարանի այսպես կոչված «ֆոնդերի» համար:

Նախաձեռնությունը կոչ է անում դպրոցի ղեկավարությանը, ինչպես նաև համապատասխան պետական մարմնի ներկայացուցիչներին պարզաբանումներ տալ խնդրո առարկայի վերաբերյալ: Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը: Գայանե Դեմիրյանն ասաց, որ աղմուկից հետո կանչել է դասվարներին և զրուցել է նրանց հետ. « Նման գումար չի հավաքվել: 1000 դրամ հավաքել են այն 4 տետրերի համար, որոնք բոլոր աշակերտները և բոլոր դպրոցներում գնում են: Առաջին դասարանցիները անգլերեն չեն անցնում: Ծնողները արդեն քանի տարի է՝ խնդրում են, որ դասաժամեր տրամադրենք նաև առաջին դասարանցիներին: Նրանց խնդրանքով անգլերենի դասաժամ ենք անում, և դրա համար գնել են 400 դրամ արժողությամբ տետր, սրան գումարած 2 մաթեմատեկայի տետր, որը չենք ստացել»:

Ըստ տնօրենի՝ դարձյալ ծնողների խնդրանքով, , ապահովել են դպրոցի ցերեկային լուսավորությունը. «Անցյալ տարի դպրոցը վերանորոգվել է, սակայն լուսավորությունը այնքան էլ լավ չէր: Ծնողները դասվարին են առաջարկել, նա էլ ինձ, որ փոխենք լույսերը, ես էլ չեմ մերժել: Ասել էին մենք ամեն ինչ կանենք, բերել են, փոխել են լույսերը»:

Գայանե Դեմիրյանը փոխանցեց նաև, որ թե ինքը , թե դասվարները և թե ծնողները շատ են վրդովվել, որ այդքան լավ համբավ ունեցող դպրոցի մասին նման լուրեր են տարածում .«Այսքան աշխատանք ենք արել, վերջին շրջանում 76 սիրիացի ենք ընդունել, և այդքանից հետո մեկել նման բաներ են տարածում»:

Տնօրենը վերջում հավելեց.« Թող գան տեղում ստուգեն, միակ ճիշտ լուծումը դա կլինի»: