26 սեպտեմբերի 2012 - 14:36 AMT
Սփյուռքի նախարարը պատմել է, թե ինչի վրա են ծախսվում նախարարությանը հատկացված միջոցները

2011-ն առանձնահատուկ է եղել Հայաստանի սփյուռքի նախարարության համար, քանի որ ամփոփվել են երիտասարդ պետական կառույցի եռամյա գործունեության արդյունքները: Այդ մասին սեպտեմբերի 26-ին Հայաստանի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նրա խոսքով, այս շրջանում ձևավորվել են հիմնական հարցերը, որոնք վերաբերվում են Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, ինչպես նաև համազգային խնդիրներին:

«Սփյուռքի նախարարության ծրագրերը կշարունակվեն, եթե հավանություն ստանան մեր սփյուռքի կողմից»,- ասել է նա:

Ինչպես հաղորդել է նախարարը, 2011-ի բյուջեով նախարարությանը հատկացվել է 453 մլն դրամ, ծրագրերի մի մասը կատարվել է 100 տոկոսով, մնացածը` 95 տոկոսով և ավել: Պետբյուջեի կողմից հատկացված միջոցներն ուղորդվել են Հայաստանի բուհերում սփյուռքագետ մանագետների վերապատրաստմանը, մշակույթի, գրականության, կրոնի ոլորտում աշխատանքների հրապարակմանը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք սերտ կապերի հաստատման համար գիտաժողովների անցկացմանը:

Հակոբյանը նշել է, որ նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդության դերին և այս ոլորտում իրագործվել են այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Վիրտուալ խորհրդարանը», որին մասնակցում են 750 մարդ, իսկ «Արի տուն» ծրագրին արդեն մասնակցել են շուրջ 800 երեխաներ աշխարհի 30 երկրներից: Այդ գործում, նրա խոսքով, օգնում է տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը:

ՀՀԿ-ից պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հետաքրքրվել է նախարարից, թե բավականացնում են արդյոք պետական միջոցներն այդ բազմաթիվ ծրագրերի իրագործման համար, ինչին Հրանուշ Հակբյանը պատասխանել է, որ բոլոր ծրագրերն իրագործվում են պետբյուջեից հատկացված միջոցներով:

«Ճգնաժամի պայմաններում ստեղծված նախարարությունն ի սկզբանե ոչ մեծ գումար է ստացել պետությունից, սակայն այսօր երևում է նրա զարգացման դինամիկան: Եթե առաջին մեկ-երկու տարիներին ծրագրերին մասնակցում էր 7-10 երկիր, ապա այժմ արդեն 30-40»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է գերատեսչության աշխատողների աշխատավարձին, ապա այն, անկասկած, բարձր չէ և հավասարազոր է մյուս նախարարությունների աշխատավարձերի չափին: