26 սեպտեմբերի 2012 - 12:58 AMT
Հրանուշ Հակոբյանը կոչ է անում սփյուռքահայերին հաստատվել Հայաստանում, ամուսնանալ այստեղ

2011 թվականի բյուջետային լսումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը խնդրել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ներկայացնել ամփոփ տվյալներ, թե որքան հայ է հայրենադարձվել նախարարության ծրագրերի շրջանակներում, որքան ներդրումներ են ներգրավվել և ինչ է արվել երկրի զարգացման համար:

Ըստ Հրանուշ Հակոբյանի, եթե երկու տարի առաջ մեկ ծրագրին մասնակցում էր 500 մարդ, ապա այժմ այդ թիվը հասնում է 2500-ի, ընդլայնվել է նաև այն երկրների աշխարհագրությունը, որտեղից հայերի ներհոսք կա:

«3 տարում 600 մարդ է հայրենադարձվել և հաստատվել Հայաստանում, իսկ «Արի տուն» ծրագրի շրջանակներում 10 մարդ ամուսնացել է: Ես բոլորին ասում եմ՝ եկեք Հայաստան, հաստատվեք այստեղ և ընտանիք կազմեք»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ըստ նրա, 2011-ին նախարարությունը մեծ խորհրդաժողով կազմակերպեց տարբեր երկրների ԱԱՊ-ների մասնակցությամբ: Այդ ընթացքում ստեղծված գործարար կապերն արդեն այժմ արդյունք են տալիս, օրերս սփյուռքահայ մի ընտանիք մտադիր է դիտարկել Հայաստանում պլաստիկի արտադրության գործարան բացելու հնարավորությունը:

Հրանուշ Հակոբյանը նաև տվյալներ բերեց այն մասին, որ Սփյուռքի նախարարության գոյության շրջանում 20-30 տոկոս աճ է գրանցվել զբոսաշրջության ոլորտում, ավելին այսօրվա դրությամբ երկքաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը հասել է 30 հազարի՝ նախորդ տարվա 14 500 դիմաց: