26 սեպտեմբերի 2012 - 13:09 AMT
Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն

Սեպտեմբերի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես եկավ Լոս Անջելեսի հեղինակավոր «Համաշխարհային հիմնախնդիրների խորհուրդ» քաղաքագիտական կենտրոնում, որին ներկա էին Լոս Անջելեսում հավատարմագրված դիվանագետներ, քաղաքագետներ, լրագրողներ, պետդեպարտամենտի ներկայացուցիչներ, լրագրողներ: Հանդիպումը վարում էր կենտրոնի նախագահ Թերի Մըկքարտին, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականությանն հիմնական ուղղություններին, հայ-ամերիկյան հարաբերություններին և Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

Ներկայացնելով մեր երկրի արտաքին քաղաքականությունը նախարար Նալբանդյանն ասաց. «Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի երկրների հետ մեր հարաբերությունների խորացումն ու համագործակցության ոլորտների բազմազանեցումը մեր արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից են։ Մեր գործընկերների հետ հարաբերությունները կառուցելիս և զարգացնելիս մենք առաջնորդվում ենք այնպիսի սկզբունքներով ինչպիսիք են փոխադարձությունը, վստահությունը, բարի կամքը, փոխադարձ շահերի հարգանքը։ Այս սկզբունքներն են Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունների, Միացյալ Նահանգների հետ մեր սերտ բարեկամական գործընկերության, Եվրոպական Միության հետ մեր ակտիվ փոխգործակցության, ինչպես նաև բազմաթիվ գործընկեր երկրների հետ առկա ամուր հարաբերությունների հիմքում»:

Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն նշեց. «Այս տարի մենք նշում ենք Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձը։ Ավելի քան մեկ հարյուրամյակ ձգվող բարեկամությունը մեր երկու ժողովուրդների միջև, որտեղ ամերիկահայ համայնքն ունի առանձնահատուկ դերակատարություն, իրենց բնական արտացոլումն են ստացել միջպետական հարաբերությունների երկու տասնամյակների ընթացքում։ Մեր երկրների միջև առկա փոխադարձ վստահությունը մեր բարեկամական գործընկերության ընդլայնման լավագույն հիմնասյուներից է։

20 տարի առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նշել է, որ ազատ, անկախ Հայաստանը, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, դավանում է միևնույն արժեքները՝ ժողովրդավարություն, ազատություն, շուկայական տնտեսություն, մարդու իրավունքների պաշտպանություն։

Այս 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներն իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։ Այսօր մարդասիրական աջակցությունը աստիճանաբար վերածվում է փոխշահավետ համագործակցության։

Մենք հուսով ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձը ավելի լայն հեռանկարներ կբացի մեր երկկողմ հարաբերությունների համար»: