26 սեպտեմբերի 2012 - 13:30 AMT
Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդական գիտական կառույցների 9-րդ նստաշրջանը

Սեպտեմբերի 27-ին` ժամը 10.00, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը՝ ի դեմս ուսանողական գիտական ընկերության։ Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եռօրյա նստաշրջանին կմասնակցեն ԱՊՀ երկրների բժշկական բուհերի բակալավրիատի ուսանողներ, մագիստրոսներ, օրդինատորներ, երիտասարդ գիտնականներ:

Երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանի նպատակն է ակտիվացնել միջբուհական հարաբերությունները, ընդլայնել երիտասարդ գիտնականների հնարավորությունները։ Կքննարկվեն երիտասարդական գիտական կառույցների գործունեության կառավարման և ֆինանսավորման հարցեր, վեր կհանվեն առկա խնդիրները, և կնախանշվեն դրանց լուծման ուղիները։