26 սեպտեմբերի 2012 - 16:57 AMT
Նարեկացու «Հավուն-հավունը»` իտալացի թավջութակահարի կատարմամբ

Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահը կրկին մարդաշատ էր: Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգն էր, որն աչքի ընկավ հյուրերի առատությամբ:

Համերգի առաջին մասում ելույթ ունեցավ բրիտանացի Էշլի Վոսը, որը Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ներկայացրեց Շոպենի դաշնամուրի երկրորդ կոնցերտը: Վոսի կատարումը ջերմ ընդունվեց, և մի քանի անգամ նա «ստիպված» եղավ վերադառնալ բեմ և խոնարհվել հայ հանդիսատեսի առջև:

Համերգի երկրորդ մասում ելույթ ունեցավ Դայշին Կաշիմոտոն, որը նույնպես առաջին անգամը չէր Հայաստանում: Նա ներկայացրեց Շոստակովիչի Ջութակի կոնցերտը: Դայշինը լարված պահեց հանդիսատեսին մինչև վերջ, և բուռն ու հոտընկայս ծափահարություններով ընդունվեց նրանց կողմից: Այս կատարումից ևս ընդմիջում եղավ. համերգը եռամաս էր: հանդիսատեսը ընդմիջումների ժամանակ ևս ակտիվ էր, հնչում էին կարծիքներ ու հարցեր: Արդյո՞ք երրորդ մասում կլինի մի այնպիսի բան, որը չի փչացնի նախորդ կատարման հրաշալի տպավորությունները:

Ներս մտավ իտալացի թավջութակահար Մարիո Բրունելլոն և ֆիլհարմոնիկի հետ սկսեց նվագել Դվորժակի թավջութակի կոնցերտը: Նա նույնպես արժանացավ հոտընկայս ծափահարությունների: Սակայն Բրունելլոն անակնկալ էր պատրաստել հայ երաժշտասերներին: Նա դուրս եկավ «բիսի» և կատարեց շատ հարազատ մի մեղեդի` Նարեկացու «Հավուն-հավուն» շարականը: Կատարումից մի քանի վայրկյան անց դահլիճը «պայթեց» ծափահարություններից: Հանդիսատեսը նրան չէր ցանկանում բաց թողնել, և նա ստիպված էր ևս մեկ անգամ դուրս գալ «բիսի»:

Երաժիշտը համերգից հետո կիսվեց իր տպավորություններով և զգացումներով PanARMENIAN.Net ի թղթակցի հետ: «Ես մեկ անգամ լսեցի «Հավուն» ստեղծագործությունը և շոկի մեջ ընկա: Դա մի քանի տարի առաջ էր: Ես լսեցի այն դուդուկահար Գևորգ Դաբաղյանի կատարմամբ, և անբացատրելի տպավորության տակ գնացի տուն և անհապաղ սկսեցի փորձել: Ես ամեն տեղ նվագում եմ «Հավունը» և հրաշալի մթնոլորտ է ստեղծում»:

Հիշեցնենք, որ Բրունելլոն 2011 թ-ին Չայկովսկու անվան մրցույթի ժյուրիի կազմում էր, և հենց սկզբից չէր թաքցնում իր համակրանքը Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Հախնազարյանի հանդեպ:

Համերգի մյուս մասնակից Դայշին Կաշիմոտոն ասաց, որ շատ է սիրում Հայաստանը և միշտ սիրով է գալիս Երևան: Նա խոստացավ, որ անպայման կվերադառնա:

Էշլի Վոսը, որ մինչ այս համերգը ելույթ էր ունեցել Ալեքսանդր Չաուշյանի և Բորիս Բրովցինի հետ Բաբաջանյանի տրիոյով, ասաց որ արդեն 6-րդ անգամ է Հայաստանում, և սիրում է հանդիպել հայ հանդիսականի հետ, որն իր համար շատ հարազատ է դարձել: