18 մարտի 2005 - 07:58 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵԱՀԿ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԵԱՀԿ ՄՇՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ
Լեռնային Ղարաբաղի մերձակա շրջաններում վերաբնակեցման մասին ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցը նախօրեին ներկայացվել է ԵԱՀԿ Մշտական խորհրդին: Այդ առնչությամբ, ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ: «Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաեւ Առաքելության բարեխիղճ եւ մանրակրկիտ աշխատանքը: Մենք հուսով ենք, որ նրանց մանրամասն, իրազեկ, օբյեկտիվ զեկույցը պարզորոշ նկարագրում է իրավիճակը տեղում եւ տարածաշրջանում»,-նշվում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: Այնուհետեւ հայտարարության մեջ ասվում է.«Հայաստանը բավարարված է նրանով, որ աջակցել է առաքելության անցկացմանը: Հայաստանը ցանկանում է նաեւ երախտագիտություն հայտնել Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը դրա հաջող կատարման գործում ունեցած նյութատեխնիկական եւ գործնական ներդրման համար»: «Հայաստանը գտնում է, որ փաստահավաք առաքելության գլխավոր ձեռքբերումն այն է, որ նա վերջ է դնում Ադրբեջանի կողմից հնչող մեղադրանքներին»,-ընդգծվում է հայտարարության մեջ: Զեկույցի համաձայն, «փաստահավաք առաքելությունը չի տեսել այդ տարածքներում Հայաստանի իշխանությունների անմիջական մասնակցության որեւէ վկայություն»: «Այդ եզրակացությունների լույսի ներքո, մենք նշում ենք, որ վերաբնակների ընդհանուր քանակը քիչ է, ընդ որում հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության արդյունքում հայ փախստականների քանակը շուրջ 400 000 է: Եթե չհաշվենք Լաչինի շրջանում բնակվողներին, ապա վերաբնակների թիվը իրոք աննշան է»,-նշվում է զեկույցում: Համանախագահները նշել են, որ «նախորդ բանակցություններում Լաչինը դիտարկվել է որպես առանձին հարց», քանի որ այն մարդասիրական միջանցք է եւ ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»: Առանց Լաչինի Լեռնային Ղարաբաղը մեկուսացված անկլավ կդառնա: Լաչինը առարձին է դիտարկվել բանակցային գործընթացում, հաշվի առնելով աշխարհագրական եւ քաղաքական իրողությունները, ինչպես նաեւ նրա կարեւորությունը անվտանգության տեսակետից: Ավելին, համանախագահները հայտարարում են.«...փաստահավաք առաքելության կողմից հարցման ենթարկվածների մեծամասնությունը ցանկություն է հայտնել վերադառնալու իրենց լքված բնակավայրերը»: Այնուամենայնիվ, շրջանները, որոնք անցյալում բնակեցված են եղել հայերով, գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ, իսկ հայերի տները յուրացվել են ադրբեջանցիների կողմից: Լեռնային Ղարաբաղի իշխանությունների խնդրանքով Հայաստանը դիմել է խնդրանքով ԵԱՀԿ Մշտական խորհրդին` քննարկել նոր փաստահավաք առաքելության կազմակերպման հարցը նմանատիպ օբյեկտիվ գնահատական տալու համար այժմ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող, նախկինում հայաբնակ շրջաններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որոնք են` Լեռնային Ղարաբաղի Հյուսիսային Մարդակերտն ու Արեւելյան Մարտունին եւ Շահումյանը: Փաստահավաք առաքելության գործընթացը սկսվել է այն պատճառով, որ Ադրբեջանը հայտարարում էր, թե տարվում է միտումնավոր, զանգվածային եւ կազմակերպված բնակեցման քաղաքականություն, որը վնասում է բանակցային գործընթացին: Հայաստանը համաձայնվեց նպաստել փաստահավաք առաքելության անցկացմանը, իսկ Ադրբեջանն իր հերթին համաձայնվել է քայլեր չձեռնարկել ՄԱԿ-ում իր բանաձեւի վերաբերյալ եւ կասեցնել այդ նախաձեռնությունը»,-ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: