26 սեպտեմբերի 2012 - 17:39 AMT
Ջիմ Կարիջիանիս. Նախագահական ընտրությունների առումով Արցախը կարող է օրինակ ծառայել մի շարք երկրների համար

Սեպտեմբերի 23-ին Կանադայի հայ մշակութային կենտրոնում կայացավ հանդիպում հասարակայնության հետ, որին մասնակցում էր նաև Կանադայի խորհրդարանի պատգամավոր Ջիմ Կարիջիանիսը: Հանդիպման ընթացքում խորհրդարանականը, մասնավորապես, ներկայացրեց իր տպավորությունները հուլիսին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների մասին, որոնց ինքը մասնակցել է որպես դիտորդ: Կարիջիանիսը նշեց, որ անց են կացվել բարձր մակարդակով ընտրություններ, և այդ տեսակետից Արցախը կարող է օրինակ ծառայել մի շարք երկրների համար: Պատգամավորի խոսքերով, ինքը ականատես է եղել մի պետական համակարգի, որը ձևավորված է լիարժեք և գործում է արդյունավետ:

Հանդիպմանը ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ևս հանդես է եկել ելույթով, որից հետո նա պատասխանել է ներկաների հարցերին` կապված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և ԼՂՀ-ում տիրող իրավիճակի հետ: Անդրադարձ է կատարվել նաև Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և նրան ներում շնորհելու հարցին: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը առավել սկզբունքային դիրքորոշում կմշակի ոչ միայն այդ փաստի, այլև ամբողջությամբ վերցրած` Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վերաբերյալ:

Ադրբեջանական կողմի գործողությունները քննադատւթյան ենթարկեց նաև Ջիմ Կարիջիանիսը, խոստանալով շարունակել ջանքերը, որպեսզի Կանադայի քաղաքական շրջանակները ավելի տեղեկացված լինեն Արցախի և հանրապետությունում առկա իրավիճակի մասին, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: