18 մարտի 2005 - 08:04 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՐԱԳԱՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհուրդ են տալիս կողմերին արագացնել քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունները: Այդ մասին ասվում է հինգշաբթի օրը Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդին ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարության մեջ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության աշխատանքի արդյունքների վերաբերյալ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: «Համանախագահները կոչ են անում չխրախուսել գրավյալ տարածքների հետագա բնակեցումը, արագացնել բանակցությունները քաղաքական կարգավորման նպատակով, որպեսզի, այդ թվում դիտարկվի նաեւ վերաբնակների հարցը, եւ խուսափել փոփոխություններից տարածաշրջանի ժողովրդագրական կառուցվածքում, ինչը կդժվարեցներ կարգավորմանն ուղղված հետագա ցանկացած քայլերը»,-նշվում է հայտարարության մեջ: «Քանի որ, մինչ հնարավոր կդառնար ներքին վերաբնակների եւ փախստականների վերադարձը հակամարտության կարգավորման շրջանակներում, կպահանջվեին մեծ նախապատրաստական աշխատանքներ, համանախագահները խորհուրդ են տալիս համապատասխան միջազգային կազմակերպություններին անցկացնել տարածաշրջանում նյութական եւ ֆինանսական պահանջների վերագնահատում, այդ թվում նաեւ, վերաբնակեցման նպատակներով»,-ասվում է փաստաթղթում»: «Հակամարտության արդյունքում տուժած շրջաններում մշակութային ժառանգության պահպանումը ապահովելու նպատակով, համանախագահները խորհուրդ են տալիս կողմերին հնարավորություն տալ շահագրգիռ համայնքներին անմիջական շփումներ հաստատելու հարցում»,-նշում են միջնորդները: Նրանք նաեւ «կոչ են անում կողմերին գործնական միջոցներ ձեռնարկել իրենց եւ համապատասխան համայնքների միջեւ վստահությունը ամրապնդելու նպատակով, ինչպես նաեւ այնպես ձեւավորել իրենց հասարակությունը, որպեսզի հիմք դրվի խաղաղ կարգավորման համար»: «Հաշվի առնելով դիտարկված իրավիճակի հետեւանքները ղարաբաղյան խնդրի ապագա կարգավորման համար, համանախագահները իրենց իրավունք են վերապահում հետագայում եւս ուսումնասիրել եւ դիտարկել այս հարցը ի օգուտ Մինսկի խաղաղ գործընթացի` ներառյալ այս հանձնարարականների կատարումը»,-ասվում է հայտարարության մեջ: Համանախագահները նաեւ երախտագիտություն են հայտնել Ադրբեջանի, Հայաստանի կառավարություններին եւ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին Առաքելության նախապատրաստման եւ աշխատանքի ընթացքում համագործակցության համար :