18 մարտի 2005 - 09:00 AMT
ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ ՋՈՐՋ ՌԱԴԱՆՈՎԻՉԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԸ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կոնգրեսական Ջորջ Ռադանովիչը իր աջակցությունն է հայտնել Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնություններին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Հանդես գալով ԱՄՆ Կոնգրեսում` Ջորջ Ռադանովիչը երախտագիտություն է հայտնել Հայաստանում ԱՄՆ նախկին եւ ներկայիս դեսպաններ Հարրի Գիլմորին եւ Ջոն Էվանսին մարդկության դեմ այդ ոճրագործությունը սահմանելիս «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար: «Ես երախտապարտ եմ դիվանագետներին նրանց հայտարարությունների համար եւ պարտավորվում եմ գործադրել բոլոր ջանքերը Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության լիակատար եւ վերջնական ճանաչման համար»,-հայտարարել է կոնգրեսականը: Նշենք, որ Ամերիկայի հայկական համագումարը ազգային արշավ է անցկացնում, որի նպատակն է կոչ անել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ապրիլի 24-ի իր ամենամյա ելույթում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: