27 սեպտեմբերի 2012 - 12:56 AMT
Բոտերոյի «Կատվի» նոր հարևանը` կապույտ կիվին

Գաֆեսճէան քանդակների պարտեզում նոր «բնակիչ» է հայտնվել: Ֆերնանդո Բոտերոյի «Կատվի» հարևանությամբ երեկ տեղադրվել է ամերիկացի արվեստագետ Պիտեր Վոյտուկի «Կապույտ կիվի»աշխատանքը: Այն երկար ժամանակ գտնվում էր Նյու Յորքում` Բրոդվեյի Վերդի հրապարակում: Ալյումինից ձուլված չաղլիկ կապույտ կիվին Վոյտուկի 2011 թվականի աշխատանքներից է:

Պիտեր Վոյտուկի աշխատանքները հիմնականում կենդանական աշխարհին են վերաբերում` աքլորներ, ցլեր, մկներ, սարյակներ և այլն: Նրա քանդակները ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում, պահվում ամերիկյան մի շարք թանգարանների և մասնավոր հավաքածուներում: Վերջին տարիներին վարպետը սերտ կապեր ունի Թայլանդի և Չինաստանի արվեստագետների հետ: