27 սեպտեմբերի 2012 - 17:17 AMT
Պետբյուջեի 20-30 տոկոսն փոշիանում է «ատկատների» համակարգի պատճառով, կարծում է ձեռնարկատերը

Պետական բյուջեի միջոցների 20-30 տոկոսը փոշիանում է պետգնումների կոռումպացված համակարգի և «ատկատների» համակարգի պատճառով, կարծում է «ՍԶՆԻ» ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն Գառնիկ Սահակյանը, ով զբաղվում է դեղորայքի ներկրմամբ: Նրա խոսքով, դեղերի գնման ոլորտում մրցույթներն իդեալական են եղել մինչև «Պետգնումների մասին» օրենքի հայտնվելը, որը հնարավորություններ է ստեղծել մանիպուլյացիաների և անօրինական գործարքների համար:

Սահակյանը, մասնավորապես, մեղադրել է «Նատալի Ֆարմ» ընկերությանն անօրինական գործարքների և իր բիզնեսին խանգարելու մեջ: Դրա հետ կապված նա նշել է, որ ՏՄՊՊՀ-ի կողմից «Նատալի ֆարմ» ընկերությանը 50 մլն դրամով տուգանելը բավարար պատիժ չէ, հաշվի առնելով այն հսկայական շահույթը, որը «Նատալի ֆարմը» ստացել է օրենքը խախտելով: «Այդ 50 միլիոնը վերածեցին շոուի... Ինձ համար արդեն միևնույն է: Ես արդեն կորցրել եմ իմ բիզնեսը և չեմ ներկրում դեղեր: Հիմա ես այդ շուկայում չքավորի կարգավիճակում եմ»,- դառնությամբ նշել է նա:

Իր հերթին, «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը նշել է կոռուպցիայի և մենատիրության դեմ լուրջ պայքարի անհրաժեշտությունը, բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցության հավասար պայմանների ստեղծումը: «Առայժմ մեր երկրում չկա ազգային հարստության արդյունավետ և արդար բաշխում, թող մեր երկրի ՀՆԱ-ն կազմի միլիարդավոր դոլար, թող Հայաստանն ունենա շատ նավթ, միևնույն է դա նման կլինի ընտանիքի, որտեղ բոլորը գողանում են և ոչինչ չի ավելանում»,- նշել է նա:

Դրա հետ կապված «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը հավելել է, որ անհրաժեշտ է երկրում փոխել քաղաքական և պետական կառավարման համակարգերը, այլ ոչ թե փոխել առանձին մարդկանց: