
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ ՊՆ մահապարտների «Արծիվ» հատուկ նշանակության ջոկատի մարտիկների հետ: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով ջոկատի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Արցախյան ազատամարտի հաղթանակում նրանց ունեցած անուրանալի ավանդի համար. «Հայրենապաշտ մահապարտը մեր սերնդի հպարտությունն է: Մենք խոնարհվում ենք բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր գիտակցաբար գնացին մահվան հանուն հայրենիքի վաղվա օրվա: Մենք նաև գլուխ ենք խոնարհում բոլոր այն ծնողների առջև, ովքեր ծնել ու դաստիարակել են իրական հերոսներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ այն ուշադրությունը, որն առկա է զոհված և վետերան ազատամարտիկների ընտանիքների նկատմամբ, այուհետ ևս լինելու է շարունակական:
ՀՀ ՊՆ «Արծիվ» մահապարտների միություն ՀԿ նախագահ Աստվածատուր Պետրոսյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին միությանն ու ազատամարտիկներին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար. « Մեզ համար, որ պատվով կատարեցինք մեր պարտքը հայրենիքի նկատմամբ, չկա ավելի մեծ գնահատանք, քան այն, որ հիշում ու մեծարում են մեր ընկերներին: Մենք տեր ենք մահապարտի կոչմանը:
Երևանի քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը հաջողված է և արդյունավետ, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում»,- նշել է Աստվածատուր Պետրոսյանը:
Հանդիպման վերջում հատուկ նշանակության ջոկատի ստեղծման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ գումարտակի մարտիկները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով:
«Արծիվ» մահապարտների միություն ՀԿ-ն էլ Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցություն ծավալելու, ինչպես նաև ՀՀ ՊՆ «Արծիվ» հատուկ նշանակության ջոկատի 20-ամյակի կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանին պարգևատրել է «Արծիվ մահապարտ. Վազգեն Սարգսյան» շքանշանով: Քաղաքապետին շնորհվել է նաև « Արծիվ» մահապարտների միություն ՀԿ-ի պատվավոր անդամի կոչում: