27 սեպտեմբերի 2012 - 17:55 AMT
Սիրիահայերը մտադիր են բնակություն հաստատել ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում և անգամ Արցախում

Կհիմնվի Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հասարակական կազմակերպություն: Նման ՀԿ հիմնելու ծրագրին աջակցելու առաջարկին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպմանը հավանություն է տվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում նշեց կենտրոնական վարչական ժողովի անդամ, Հայոց Եկեղեցու Դամասկոսի թեմի քաղաքական մարմնի ատենապետ Վազգեն Յակուբյանը: Նրա խոսքով, միությունը կնպաստի այդ կազմակերպության գործունեությանը, որի կգործի միության տրամադրած տարածքում, ինչպես նաև կվճարի աշխատակիցներից երկուսի աշխատավարձը: «Բացի այդ, ՀԲԸՄ-ն տարածք կտրամադրի նաև Հայաստանում գտնվող սիրիահայերին, որոնք հնարավորություն կունենան այնտեղ հավաքներ անցկացնելու, ճանաչողական հանդիպումներ ունենալու, ինչպես նաև իրենց հուզող հարցեր քննարկելու»,- ասաց նա:

Յակուբյանը հավելեց նաև, որ հաշվի առնելով, որ Հայաստանում ապաստանած սիրիահայերի մեծամասնությունը աշխատանք չունենալու պատճառով չի կարողանում վճարել բնակարանների վարձավճարները, ՀԲԸՄ-ն պատրաստակամություն է հայտնել այդ հարցում աջակցելու սիրիահայերին, որոնք ապրում են Երևանից դուրս` Հայաստանի այլ մարզերում: «Պետք է նշեմ, որ սիրիահայերը ցանկություն են հայտնում բնակություն հաստատելու ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում և անգամ Արցախում: Միությունը ֆինանսապես կաջակցի նաև այն սիրիահայերին, որոնք ստանում են հայագիտական ուղղությամբ մասնագիտական բարձրագույն կրթություն և դժվարություններ ունեն ուսման վարձերի վճարման հարցում»,- հավելեց նա: