27 սեպտեմբերի 2012 - 18:04 AMT
Մեկնարկել է «Ամերիա սերունդ» ծրագիրը

Սեպտեմբերի 26-ից մեկնարկեց «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որին մասնակցելու համար դիմում-հայտ էր ներկայացնել շուրջ 1000 թեկնածու Երևան քաղաքից, Հայաստանի տարբեր մարզերից և ԼՂՀ-ից: Ընտրական 4 փուլերը հաղթահարել է 34 թեկնածու, ովքեր ծրագրի շրջանակներում միացել են Ամերիայի թիմին, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Ներկայացված հայտերի ուսումնասիրման արդյունքում ընտրվել է 458 թեկնածու, որոնք մասնակցել են նախընտրական առաջին փուլին` թեստավորմանը, և նվազագույն 70% շեմը հաղթահարած 83 թեկնածուն հրավիրվել է խմբային հարցազրույցի: Այդ փուլում թեկնածուներին հնարավորություն է տրվել դրսևորել իրենց թիմային գործելաոճը, տարաբնույթ քննարկումների շնորհիվ ներկայացնել անձնական համոզմունքները, ինքնատիպ մտածելակերպը: Իսկ խմբային հարցազրույցի փուլը հաղթահարած 61 թեկնածու հրավիրվել է անհատական հարցազրույցի: Այնուհետ կատարվել է վերջնական ընտրություն` հիմք ընդունելով ավտոմատ հաշվարկվող թեստի արդյունքները, թեկնածուի ստեղծագործ մոտեցումը, որը թեկնածուն ցուցաբերել է շարադրություն/ակնարկում և մոտիվացիոն նամակում, ինչպես նաև անհատական և խմբային հարզացրույցներում դրսևորած անհատականությունը, ճկուն մտածելակերպն ու զարգացվածությունը::

Ամերիաբանկի անձնակազմի համալրման պատասխանատու Օֆելյա Քամալյանը նշեց. «Մենք ուրախ ենք, որ ծրագիրը լայն արձագանք գտավ երիտասարդության շրջանում, քանի որ նպատակ ունենք «Ամերիա Սերունդ» ծրագրի շնորհիվ բացահայտել երիտասարդ, եռանդուն ու նպատակասլաց սկսնակ մասնագետների, ովքեր ճկուն են փոփոխությունների և նորարարությունների նկատմամբ, ունեն ստեղծագործ ու ոչ ստանդարտ մտածելակերպ, և ակնկալում ենք, որ նրանց միջոցով հնարավոր կլինի ձևավորել առաջնորդների նոր սերունդ:

Ծրագիրը հնարավորություն կտա աշխատանքային փորձ չունեցող, նորավարտ երիտասարդներին սկսելու իրենց աշխատանքային ուղին Ամերիաբանկում և ստանալ գիտելիքներ գործարար միջավայրում` պրոֆեսիոնալ մասնագետների կողմից ուսուցանվելու և նրանց հետ աշխատելու միջոցով: Ուսուցման ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել Ամերիաբանկում:

Ողջունելի է, որ ծրագիրը մեծ հետաքրքրություն է ներկայացրել նաև Արցախում ու Հայաստանի մարզերում: Այսօր արդեն ծրագրի մասնակիցների շարքում կան ներկայացուցիչներ ԼՂՀ-ից, Տավուշի, Արմավիրի և Շիրակի մարզերից, ովքեր բարեհաջող հաղթահարել են ընտրական բոլոր փուլերը:

Մենք երիտասարդների համար ստեղծում ենք պայմաններ, տալիս ազատություն ավելին սովորելու, ավելին իրագործելու և ավելիին հասնելու համար»:

Դասընթացներն անցկացվում են «Ամերիա» խմբի վերապատրաստումների կենտրոնում: Նորաբաց կենտրոնը հարմարավետ է, հագեցած ժամանակակից սարքավորումներով, ինչը կնպաստի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: