27 սեպտեմբերի 2012 - 20:28 AMT
Անգելա Մերկելը հետաձգել է իր այցը Թունիս` «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաների պատճառով

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետաձգել է Թունիս կատարելիք այցը` կապված «Մահեմդականների անմեղությունը» ֆիլմի դեմ ելույթների հետ: Այս մասին հաղորդել է The Financial Times Deutschland-ը` հղելով անանուն աղբյուրներին: Այցը նշանակված էր հոկտեմբերի 9-ին:

Ամռանը Թունիսի վարչապետ Համադի Ջեբեյլին պաշտոնական այցով ժամանել էր Գերմանիա: Այդ ժամանակ Մերկելը խոստացել էր անձամբ այցելել Թունիս` երկրի ժողովրդավարցման գործընթացին մասնակցելու համար: Սակայն ելնելով անվտանգության նկատառումներից` երկու երկրները համաձայնել են հետաձգել Մերկելի այցը: Թե երբ կկայանա կանցլերի այցը Թունիս, չի հաղորդվում:

Մինչ այդ, սեպտեմբերի 26-ին Մերկելը կոչ է արել ավելի հանդուրժող լինել մահմեդականների նկատմամբ, ովքեր բնակվում են ԳՖՀ-ում: Նա, մասնավորապես հայտարարել է, որ իսլամը Գերմանիայի մի մասն է, գրում է Spiegel-ը:

Մերկելն ընդգծել է, որ չի կարելի շփոթել իսլամիստներին խաղաղ մահմեդականների հետ: