27 սեպտեմբերի 2012 - 20:13 AMT
Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ՉԺՀ կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի` Հանրապետության կազմավորման օրվա, ինչպես նաև հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի առթիվ: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս երկկողմ համագործակցությանը, և հարաբերությունների զարգացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հանդիսանում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը»,- նշել է Աբրահամյանը:

Նրա խոսքով, վերջին քսանամյակում հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը նպաստել են Հայաստանի եւ Չինաստանի միջև փոխըմբռնման ամրապնդմանը, երկու հասարակությունների միջև շփումների ակտիվացմանը. «Հայաստանը մեծապես գնահատում է Չինաստանի տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը և հզորացմանը»: