Բարբարա Բոքսերը պահանջում է Ալիևից Ռամիլ Սաֆարովին վերադարձնել բանտ

Բարբարա Բոքսերը պահանջում է Ալիևից Ռամիլ Սաֆարովին վերադարձնել բանտ

PanARMENIAN.Net - Քալիֆորնիայի սենատոր Բարբարա Բոքսերը իր վրդովմունքն է արտահայտել Ադրբեջանի կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման կապակցությամբ և կոչ արել նրան բանտ վերադարձնել, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA):

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված խիստ նամակում սենատոր Բոքսերը ընդգծել է, որ Սաֆարովի ազատումը «անհանգստացնող և պրովոկացիոն գործողություն է, որը միայն նպաստել է լարվածության ավելացմանը և սպառնում է Կովկասում կայուն անկախության հաստատման ջանքերին»: « Սաֆարովին ներում շնորհելը օրենքի գերակայության նկատմամբ ակնհայտ անարգանք է: Ես պահանջում եմ, որպեսզի պարոն Ալիևը պահպանի միջազգային իրավունքի ստանդարտները և Սաֆարովին բանտ վերադարձնի: Այնտեղ է նրա տեղը` գործած ծանր հանցագործության համար»,-ընդգծել է սենատորը:

ANCA-ն հիշեցնում է նաև, որ նախորդ շաբաթ եվրոպական քաղաքականության և վերլուծության կենտրոնում կայացած «ԱՄՆ-ն և ռազմավարությունը Կենտրոնական Եվրոպայում» համաժողովի ժամանակ պետքարտուղարի օգնական Ֆիլ Գորդոնը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը շարունակում է «տագնապ և հիասթափություն է արտահայտել: Մենք բավարարված չենք նրանով, ինչ տեղի է ունեցել: Մեր կարծիքով Սաֆարովը պետք է նախկինի պես կրի իր պատիժը: Իհարկե, ցնցված էին նրա փառաբանմաբ, իսկ մեր հարցերին տված պատասխանները սպառիչ չէին»:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---