28 սեպտեմբերի 2012 - 12:42 AMT
ԱՄՀ. Մինչև տարեվերջ և 2013 թ. գնաճը կպահպանվի ՀՀ ԿԲ նպատակադրած միջակայքում՝4±1.5 տոկոս

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելությունը, պրն. Մարկ Հորթոնի գլխավորությամբ, սեպտեմբերի 5-18-ն այցելել է Երևան` «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF)/ «Երկարաձգվող վարկավորման» (ECF) ծրագրերի հինգերորդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ և 2012 թ. IV հոդվածի շրջանակում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

ԱՄՀ-ի կենտրոնակայան վերադառնալուց հետո պրն. Հորթոնն արել է հետևյալ հայտարարությունը.

«Անցյալ տարվա ընթացքում մակրոտնտեսական պայմանները շարունակել են բարելավվել: Լավ բերքի և հանքարդյունաբերության ու ծառայությունների ոլորտների դինամիկայի շնորհիվ ակնկալվում է, որ 2012 թ. աճը կհասնի 6.2 տոկոսի, իսկ 2013 թ., տնտեսության միտման վերականգնվելուն զուգահեռ և Եվրոպայի ու Ռուսաստանի պայմանները հաշվի առնելով, կչափավորվի՝ կազմելով 4.3 տոկոս: Պահպանվում է չափավոր գնաճ՝ պայմանավորված գյուղատնտեսության ոլորտի վերականգնմամբ և առողջ քաղաքականությամբ. ակնկալվում է, որ 2012 թ. մնացած ժամանակահատվածում և 2013 թ. գնաճը կպահպանվի ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) նպատակադրած միջակայքում(4±1.5 տոկոս):

«Ծրագրի ուղղությամբ կատարողականն ընդհանուր առմամբ բավարար է: Հարկաբյուջետային հաշվեկշռիը շարունակել է բարելավվել, ընդ որում՝ պակասուրդն ակնկալվում է, որ 2012 թ. կնվազի մինչև մոտավորապես ՀՆԱ-ի 2 տոկոսը, իսկ հաջորդ տարի, երբ իրականացվեն խոշոր կապիտալ ծրագրեր, չափավոր կբարձրանա՝ մինչև 2.6 տոկոս:

«ՀՀ ԿԲ ուժեղացրել է հավատարմությունը ճկուն փոխարժեքի և գնաճի նպատակադրման ռեժիմին: ՀՀ ԿԲ շարունակում է դրամավարկային քաղաքականության գործիքների բարելավումը և իր՝ մասնավորապես արտարժութային վարկավորմանն առնչվող ռիսկերի մոնիթորինգը: 2012 թ. երկրորդ եռամսյակից սկսած արտաքին ցնցման հետևանքով արտարժույթի շուկայում զգալի միջամտություն տեղի ունեցավ՝ չափից ավելի տատանողականությունը կանխելու համար, և հունիսի ավարտի համար նախատեսված՝ պահուստներին վերաբերող կատարողական չափորոշիչը չկատարվեց: Հինգերորդ ամփոփիչ ստուգումն ավարտելու համար անհրաժեշտ կլինի բացառություն անել և ուղղիչ գործողություններ ձեռնարկել:

«Կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ առաջընթաց կա, թեև ցանկալիից դանդաղ տեմպով: Բոլոր տնտեսվարողների համար մրցակցության հավասար պայմանների ապահովումը, այդ թվում՝ հարկային վարչարարության առանցքային ոլորտում, կարևոր բեկում կմտցնի գործարար միջավայրում: Առաքելությունն առաջին արդյունքներին է սպասում «Կարգավորիչ գիլյոտին» ծրագրից, որի նպատակն է էապես վերափոխել կանոնակարգերն ու բյուրոկրատական քաշքշուկը, և մրցակցության հանձնաժողովի կողմից օրենքի կիրարկման ընթացիկ գործողություններից:

«Առաքելությունը նախնական համաձայնություն է ձեռք բերել 2012 թ. մնացած ժամանակահատվածի և 2013 թ. քաղաքականության ծրագրի շուրջ, որը կարող է հիմք ստեղծել ստուգումն ավարտելու համար: Ըստ նախնական ժամանակացույցի նախատեսվում է, որ ԱՄՀ խորհուրդը ստուգումը կքննարկի դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստի ժամանակ: Հաստատման դեպքում ԱՄՀ-ն կտրամադրի 52 միլիոն ԱՄՆ դոլար՝ EFF/ECF ծրագրերի շրջանակում տրամադրած ընդհանուր գումարը հասցնելով 327 միլիոն ԱՄՆ դոլարի:

«Իշխանությունները մեծ հետաքրքրվածություն են արտահայտել 2013 թ. կեսին ընթացիկ ծրագրի ավարտից հետո ԱՄՀ հաջորդ ծրագրով, որը հավանաբար կընդգրկի հետագա 3 տարիները: Նրանք նշել են, որ նոր ծրագիրը կսատարի արտաքին և հարկաբյուջետային ճշգրտումը շարունակելու քաղաքականությանը, քաղաքականության բուֆերների և հարկաբյուջետային հնարավորությունների ամրապնդման և աճը խթանող կառուցվածքային բարեփոխումների իրականցման համար՝ ճգնաժամով պայմանավորված աջակցության զգալի գումարների ետ վերադարձի ժամանակահատվածում: Հիմնադրամի նոր ծրագրի շուրջ քննարկումները սկսելուց առաջ ԱՄՀ խորհուրդը պետք է դիտարկի Հիմնադրամի այն ծրագրերի փաստացի գնահատման արդյունքները, որոնք իրականացվել են 2005 թ. սկսած, երբ կատարվել է վերջին փաստացի գնահատումը: Նախապատրաստման փուլում գտնվող փաստացի գնահատման արդյունքները կօգնեն ուղղորդել նաև նոր ծրագրի նախագծումը:

«Պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, տրանսպորտի և կապի նախարար պրն. Գագիկ Բեգլարյանի, ինչպես նաև պետական այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի, բանկային և գործարար ոլորտների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Առաքելությունը ցանկանում է շնորհակալություն հայտնել իշխանություններին և Հայաստանի մյուս գործընկերներին ջերմության և հյուրընկալության համար»:--