28 սեպտեմբերի 2012 - 13:09 AMT
«Էդուարդ Ղազարյան. հրաշագործ» ֆիլմը կներկայացվի Կաննի կինոփառատոնում

«ՏԷՖԻ-ԱՊՀ» երկրորդ միջազգային հեռուստափառատոնի հատուկ մրցանակի արժանացած «Էդուարդ Ղազարյան. հրաշագործ» փաստավավերագրական ֆիլմը կներկայացվի եկող տարվա Կաննի միջագային կինոփառատոնում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի ռեժիսորը` Հայկ Օրդյանը:

Ռեժիսորը ֆիլմի վրա աշխատել է չորս տարի` միկրոքանդակագործության հիմնադրի կենդանության օրոք, և բացառիկ կադրեր են արվել այն նկարելու համար:

Երիտասարդ ռեժիսորի խոսքով, փաստավավրագրական ժանրը կարևորագույններից է հեռուստաընկերությունում, որն, ըստ ռեժիսորի մեր երկրում կա, սակայն չկա հեռուստատեսությունում, այնինչ այն պետք է կարևորագույն տեղ զբաղեցնի հեռուստատեսությունում:

Ֆիլմը նկարահանվել է ռեժիսորի միջոցներով:

Հիշեցնենք, որ հեռուստափառատոնը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-16-ը: Ներկայացված 20 ֆիլմերից հատուկ մրցանակների են արժանացել ևս 9-ը:

Էդուարդ Ղազարյանը ծնվել է 1923 թ. հունիսի 20-ին Երևանում, ստացել է բարձրագույն երաժշտական կրթություն, երկար տարիներ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը և սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրներից:

2006 թ. Քեմբրիջի կենսագրական կենտրոնը Էդուարդ Ղազարյանին հայտարարել է բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը և պարգևատրել «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով: Վարպետը պարգևատրվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով: 2010 թ. մայիսին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը Է. Ղազարյանին պարգևատրել է «Սրբ Սահակ և Սրբ Մեսրոպ» մեդալով: