28 սեպտեմբերի 2012 - 13:56 AMT
Արմեն Աշոտյան. Ուսանողների ներգրավումը գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում գերակա խնդիր է

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ այս օրերին Հայաստանում են ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնց այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Ողջունելով երիտասարդներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը սերտ համագործակցում է ուսանողական կազմակերպությունների հետ:

«Ուսանողների ներգրավումը գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում պետության համար գերակա խնդիր է, և ուսանողներն իրավամբ մեր գործընկերներն են` կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում:

Իրականում, մեր երկրում այսօր ուսանողներն ունեն մեծ հնարավորություններ. հայաստանյան բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների մասնակցությունը կազմում է 25 տոկոս, ուսանողներն իրենց ներկայացուցիչն ունեն նաև ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմում, բացի այդ, բուհերը պարբերաբար ֆինանսավորում են ուսանողական խորհուրդների կազմակերպած հավաքները»,-նշել է Արմեն Աշոտյանը` ներկաներին տեղեկացնելով, որ անցյալ տարվանից մեկնարկել է ՀՀ նախագահի` երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագիրը` համաձայն որի` երիտասարդներին տրամադրվում է որոշակի դրամական խրախուսանք` գիտական համաժողովներին մասնակցելու, հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածներ հրապարակելու և նմանատիպ այլ հարցեր լուծելու նպատակով:

Ըստ ԿԳ նախարարի` երիտասարդ գիտնականների կողմից ընտրված խորհուրդն ինքն է որոշում ` ինչպես տնօրինել տրամադրված գումարը, և պետությունը վերոնշյալ հարցերում որևէ դերակատարություն չունի: