28 սեպտեմբերի 2012 - 15:12 AMT
ՀԱԿ պատգամավորները կքվեարկեն Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու դեմ, կարծում է Սոս Գիմիշյանը

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները կքվեարկեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դեմ, կարծում է ՀԱԿ անդամ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:

Գիմիշյանի խոսքով, նա կողմ է, որպեսզի Օսկանյանի գործը հետաքննվի, և միայն դատարանի որոշումից հետո, եթե նա իսկապես մեղավոր է, ձերբակալվի:

Գիմիշյանը նաև հավելել է, որ անձամբ հանդես է գալիս պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու դեմ, և ժամանակին, չնայած Վանո Սիրադեղյանի հետ հակամարտությանը, խորհրդարանում քվեարկել է նրան պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու դեմ:

Իր հերթին ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ առանց Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու անհնար է գործի նորմալ հետաքննությունը:

Ինչ վերաբերվում է այն հայտարարություններին, որ Օսկանյանի գործը քաղաքական դրդապատճառներ ունի, ապա Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով, այդ հարցին կպատասխանեն հետաքննությունից հետո ներկայացված փաստերը:

Պետք է նշել, որ թե Լեռնիկ Ալեքսանյանը, թե Սոս Գիմիշյանը, դրական կարծիք ունեն Վարդան Օսկանյանի մասին: Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ դիմել է ԱԺ՝ առաջարկելով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» միջոցով փողերի լվացման գործի առնչությամբ: