28 սեպտեմբերի 2012 - 15:24 AMT
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցնի Մինսկում

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կանցնի Մինսկում: Այս մասին այսօր Յալթայում հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում: Առաջարկը ստացվել է բելառուսական կողմից: ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա 2013թ. մայիսի 31-ին:

Բացի այդ, Լեբեդևը հայտնել է, որ 2013 թվականից ԱՊՀ երկրները առևտրի նոր ռեժիմիով կաշխատեն: Ըստ նրա, այսօրվա դրությամբ ազատ տնտեսական գոտուն միանալու մասին համաձայնագիրը ստորագրել է 8 երկիր: Կառավարության ղեկավարները հավանություն են տվել Ուզբեկստանի միացմանն Ազատ առևտրի պայմանագրին, որի գործընթացը նախատեսվում է ավարտել մինջև տարեվերջ:

Ստորագրվել է համատեղ հայտարարություն այն մասին, որ հինգ երկրներ, այդ թվում Հայաստանը, վավերացրել են ազատ առևտրի գոտու պայմանագիրը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Յալթայում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին ավելի քան երկու տասնյակ հարցեր, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

Կառավարության ղեկավարներն ընդունել են ԱՊՀ երկրների շրջանակներում տեղեկատվական հասարակության ստեղծման և զարգացման համար մինչև 2015 թվականը գործողությունների ծրագիրը: Նիստում անդրադարձ է եղել կապի բնագավառում ԱՊՀ երկրների հետ հնարավոր համագործակցության հեռանկարներին:

Ընդունվել է նաև 2012-2014 թվականների համար ԱՊՀ անդամ-երկրների ինովացիոն համագործակցության միջոցառումների համալիր ծրագիր: