28 սեպտեմբերի 2012 - 15:29 AMT
Հանրապետության հրապարակում տեղի կունենա ազատ ոճի ամենահեղինակավոր մոտոմրցույթը

Սեպտեմբերի 29-ին` ժամը 20:00-ին, Երևանում` Հանրապետության հրապարակում, տեղի կունենա Red Bull X-Fighters Jams ազատ ոճի մոտոմրցույթի ամենահիշարժան շոուն: Դա Հայաստանի սպորտային աշխարհում բացառիկ իրադարձություն է. Հանրապետության հրապարակում` բաց երկնքի տակ, ազատ ոճի մոտոմրցույթի համաշխարհային աստղերը կսավառնեն երկնքում` կատարելով իրենց գլխապտույտ հնարքները:

Շուի ընթացքում ելույթ կունենան Ալեքսեյ Կոլեսնիկովը (Ռուսաստան), Դանիել Բոդինը (Շվեդիա), Կիրիլ Գավրիլովը (Ռուսաստան) և Ալեքսեյ Այսինը (Ռուսաստան): Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում մարզիկները անմոռանալի շոու խոստացան` նշելով, որ առաջին անգամ են Հայաստանում և արդեն հիացած են Երևանով:

Մարզիկների հնարքները կանցկացվեն 3 մետր բարձրությամբ հատուկ ցատկահարթակի վրա: Մոտոէքստրեմալները կցուցադրեն իրենց անհավանական հնարքները` գետնից ավելի քան 10 մետր բարձրության վրա` միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ կառավարելով 100 կգ քաշ ունեցող մոտոցիկլը:

Հիշարժան շոուի գլխավոր հովանավորն է Վիվասել-ՄՏՍ-ը:

Red Bull X-Fighters Jams-ը աշխարհի լավագույն և հայտնի մարզիկների կատարումների ցուցադրումն է, որն անցկացվում է Red Bull X-Fighters համաշխարհային ամենահեղինակավոր մրցաշարի շրջանակում: Red Bull X-Fighters Jams-ը համաշխարհային մոտոմրցույթի դեմո տարբերակն է, որն արդեն 10 տարի անընդմեջ համարվում է մոտոսպորտի ամենատեսարժան շոուն: