28 սեպտեմբերի 2012 - 16:14 AMT
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի «RVVZ» հիմնադրամը նոր տնօրեն ունի

«RVVZ» հիմնադրամի կառավարման խորհուրդը հայտարարել է, որ գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է Արտակ Մելքոնյանը:

«RVVZ» հիմնադրամը մեկ հովանու ներքո միավորում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից նախաձեռնված այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը, «Տաթևի դարպասներ» զբոսաշրջային գոտու զարգացումը, Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծումը և մի շարք այլ ծրագրեր, որոնց հիմքում սոցիալական ձեռներեցության մոդելն է:

Նորանշանակ գործադիր տնօրենը սեպտեմբերի 28-ին Երևանում մամլո ասուլիսում ներկայացրել է հիմնադրամի ծրագրերը, որոնք հիմնված են սոցիալական բիզնես մոդելի վրա: Նրա խոսքով, «RVVZ» առաջիկա ծրագրերի մեջ մտնում են «Տաթևի դարպասներ» զբոսաշրջային գոտու զարգացումը, այդ թվում հյուրանոցների և այլ զբոսաշրջային օբյեկտների շինարարությունը: Դրա հետ կապված Մելքոնյանը բարձր է գնահատել ճոպանուղու կողմից տրամադրվող ծառայությունների որակը, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին:

Ինչ վերաբերվում է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարությանը, որին հիմնադրամը ձեռնամուխ է եղել դեռ 2011-ի հոկտեմբերին, ապա Մելքոնյանի խոսքով, այն առաջին սաներին կարող է ընդունել արդեն 2014-ի սեպտեմբերի 1-ին: «Մենք ցանկանում ենք 10 տարում այնպիսի դպրոց ստեղծել, որը կմտնի աշխարհի 20 լավագույն դպրոցների մեջ»,- ասել է նա: Մելքոնյանը հավելել է նաև, որ հիմնադրամը համագործակցում է նաև Հայաստանի կառավարության և կենտրոնական բանկի հետ Դիլիջանը ֆինանսական և կրթական կենտրոն դարձնելու նախագծի իրագործման համար:

2010-ի սեպտեմբերի 16-ին Սյունիքի մարզում մեկնարկեց «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: 2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ' մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով:

«Տաթևի թևեր» անունը կրող ճարտարագիտական այս հրաշքը, որը 5.7 կմ ձգվում է Որոտան գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրայով, կապում է Հալիձոր և Տաթև գյուղերի մոտակայքում տեղակայված երկու կայանները ճիշտ այնպես, ինչպես «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կամրջում է Տաթևի անցյալի ժառանգությունը շրջանի խոստումնալից ապագայի հետ: ՀՀ նախագահի խոսքերով, «Տաթևի վերածնունդը» նախագիծը Հայաստանի մարզերը զարգացնելու ՀՀ կառավարության ռազմավարության էական բաղադրիչն է:

Տաթևի ճոպանուղին հոկտեմբերի 23-ին ստացել է Գինեսի ռեկորդների գրքի հավաստագիր՝ պաշտոնապես ամրագրելով աշխարհի ամենաերկար հետադարձելի ուղևորային ճոպանուղու կարգավիճակը: