28 սեպտեմբերի 2012 - 16:12 AMT
Պան Գի Մունը տեղի է տվել կանադացի կոմիկների հեռախոսային կատակին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղի է տվել հեռախոսային կատակին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Քաղաքական գործչին զանգել են կանադացի կոմիկները Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի անունից և խոսել են մոտ 5 րոպե, հայտնում է Լենտա.ռու-ն:

Հարփերի անունից խոսող կոմիկը ներողություն է խնդրել Պան Գի Մունից, որ չի կարող այցելել այս շաբաթ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳՎ համագումարը, քանի որ չափազանց շատ է զբաղված լինելու իր սանրվածքով, որը կարգի է բերում սուպերսոսնձի միջոցով: Նա նաև խնդրել է Պան Գի Մունին դիմել Գերի Բեթմանին և նպաստել Քվեբեկի հոկեյի թիմի կազմավորմանը:

Պան Գի Մունի պաշտոնական ներկայացուցիչը խոստովանել է, որ նման փաստ եղել է՝ ասելով, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը դա հումորով է ընդունել՝ նշելով, սակայն, որ նման կատակները խլում են Պան Գի Մունի ժամանակը:

Մարկ-Անտուան Օդեթը և Սեբաստիան Տրյուդելը կազմում են «Դիմակով վրիժառուները» դուետը: Նրանց զոհ են դարձել նաև Նիկոլյա Սարկոզին, Ժակ Շիրակը, Սառա Պեյլինը, Բիլլ Գեյթսն ու այլոք: