28 սեպտեմբերի 2012 - 16:28 AMT
Պրեմիերա Դրամատիկական թատրոնում. «Սյուզաննան, Սյուզետտան և Ժակլինը + 3 տղամարդ»

Սեպտեմբերի 29-ին` վաղը, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա Մարկ Կամոլետիի «Սյուզաննան, Սյուզետտան և Ժակլինը + 3 տղամարդ» կատակերգության պրեմիերան: Պիեսը թարգմանել է Հովհաննես Թեքգյոզյանը, բեմադրությունը գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանինն է, ռեժիսոր՝ Վահագն Գալստյան, նկարչական ձևավորումը` Կարեն Գրիգորյանի, զգեստների նկարիչ՝ Մերի Սարգսյան: Երաժշտական ձևավորումը կատարել է Աշոտ փափազյանը, լուսային ձևավորումը` Վահագն Միքայելյանը, ռեժիսորի ասիստենտ` Արտաշես Մխիթարյան, ռեժիսորի օգնական` Սամվել Հարությունյան:

Ներկայացման սյուժեն հետևյալն է. Բերնարդը ցանկանում է կազմակերպել ռոմանտիկ ժամանադրություն Սյուզաննայի (իր սիրուհու) հետ, և երեկոն էլ ավելի ամբողջական դարձնելու համար հրավիրում է Սյուզետտային (խոհարարուհի), ինչպես նաև իր ընկեր Ռոբերտին անմեղության կանխավարկածի համար: Ժակլինը (Բերնարդի կինը), իմանալով Ռոբերտի (իր սիրեկանի) այցի մասին, հետաձգում է մոր հետ հանդիպումը: Այս անսպասելի որոշման պատճառով խառնաշփոթ է ստեղծվում: Բերնարդը Ռոբերտին մեծ դժվարությամբ համոզում է ձևացնել, որ Սյուզաննան նրա ընկերուհին է: Սակայն Սյուզետտան (խոհարարուհին) Սյուզաննայից ավելի շուտ է տեղ հասնում: Ռոբերտը չճանաչելով խոհարարուհուն, ընդունում է նրան իբրև Սյուզաննայի: Խճճված իրավիճակում Բերնարդը Սյուզետտային խնդրում է խաղալ Ռոբերտի ընկերուհու դերը, իսկ Սյուզաննային՝ խոհարարուհու…

Դերերում` Բերնարդ՝ Արտաշես Մխիթարյան, Ռոբերտ` Բաբկեն Չոբանյան, Ժակլին` Նարինե Պետրոսյան, Սյուզետտա` Լուսինե Հարությունյան, Սյուզաննա` Լուսինե Վարդանյան և Ժորժ` Արա Գևորգյան:

Ներկայացումը հանդիսատեսը կարող է դիտել նաև հոկտեմբերի 5-ին, 13-ին և 26-ին: