28 սեպտեմբերի 2012 - 16:34 AMT
ՀՀ վերահսկիչ պալատ. Սլավոնական համալսարանում ֆինանսական խախտում չի հայտնաբերվել

ՀՀ Վերահսկիչ պալատը, «հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանին վերաբերող հատվածի տարաբնույթ և սխալ մեկնաբանությունները», տարածել է հետևյալ պաշտոնական պարզաբանումը.

«Հաշվետվության մեջ զետեղված առաջին երկու կետերը չեն վերաբերում համալսարանի բուն գործունեությանը, այլ հիշատակում են հայկական ու ռուսական պետական կառավարման մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակում իրականացվելիք կարգավորման անհրաժեշտությունը:

Հաշվետվության երրորդ կետն իր մեջ չի պարունակում համալսարանի կողմից թույլ տրված որևէ խախտում, այլ իրենից ներկայացնում է ընդամենը փաստագրում:

Հաշվետվության չորրորդ կետը հանդիսանում է ընդամենը շուկայական իրավիճակի գնահատական և նույնպես չի արտացոլում որևէ խախտում: Համալսարանը չունի եկամուտները առավելագույնին հասցնելու կանոնադրական նպատակ, իսկ կիրառվող վարձակալական դրույքները կարող են պայմանավորված լինել համալսարանի կողմից իրականացվող ուսանողների նկատմամբ սոցիալական քաղաքականությամբ:

Ընդհանուր առմամբ, ՀՀ Վերահսկիչ պալատի և ՌԴ Հաշվիչ պալատի, Հայ-Ռուսական (Սլավոնական ) համալսարանում իրականացված համատեղ ստուգման արդյունքում համալսարանի կողմից ֆինանսական խախտում չի հայտնաբերվել», - հայտնում է ՀՀ ՎՊ-ի լրատվական ծառայությունը: